Աղմկահարույց օրենքն ուժի մեջ մտավ. ո՞ւմ գույքն է բռնագանձվելու

Եթե գույքի ձեռք բերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ապա ներկայացվում է դրա բռնագանձման պահանջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Այսօրվանից ուժի մեջ է մտնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Facebook-ի իր պաշտոնական էջում նշել է, որ շուտով ՀՀ գլխավոր դատախազությունում կձևավորվի համապատասխան ստորաբաժանում, որը կսկսի զբաղվել ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ գործերի ուսումնասիրություններով։

«Այս օրենքի կարևորությունը հասկանալու համար բավական է հետևել վերջին շաբաթներին նախկին կոռուպցիոներ պաշտոնյաների և նրանց արբանյակների կողմից բարձրացրած «լալահառաչ» աղմուկը՝ թիրախավորելով Ազգային ժողովի պատգամավորներին, կառավարությանը, հանրապետության նախագահին»,- գրել է նա։

Խանդանյանը մեկնաբանել է օրենքը՝ նշելով, որ այն թույլ է տալիս ուսումնասիրել գույքը, դրա ձեռքբերումը և օգտագործումը։ Եթե գույքի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ապա ներկայացվում է դրա բռնագանձման պահանջ, քանի որ այդ դեպքում գույքը համարվում է ապօրինի ծագում ունեցող և ենթակա է բռնագանձման։

«Մենք չենք կարծում, որ վեթինգի գործընթացը տապալվել է»․ Մակունց

Պատգամավորն ընդգծում է, որ օրենքը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ պայքարել ապօրինի ճանապարհով ստացված ակտիվների շրջանառության դեմ և դրանք վերականգնել հօգուտ պետության կամ ապօրինի գործունեության արդյունքում տուժած անձանց։

«Այն ավելի արդյունավետ է դարձնում ֆինանսական հանցագործությունների կանխարգելումը»,- եզրափակել է Խանդանյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 16-ին խորհրդարանն ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, որով ապօրինի ծագում ունեցող գույքը կարող է բռնագանձվել պետության կողմից, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը:

Ուսումնասիրության ենթակա է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված գույքը, բայց հիմնականում քննության է ենթարկվելու վերջին տասը տարում ձեռք բերված գույքի օրինականությունը:

Ում ապօրինի գույքն է առաջինը բռնագանձվելու. Փաշինյանն ասաց` ով պիտի մտածի այդ մասին