Ադրբեջանցիներն ակտիվացել են. Արցախի սահմանին հակառակորդի կրակոցների թիվը կրկնապատկվել է

Մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Անցնող շաբաթը բավականին լարված է եղել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում։ Ավելացել են թե՛ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները, թե՛ հայ դիրքապահների ուղղությամբ արձակված կրակոցների թիվը։ Վիճակագրությունը հրապարակել է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ են արել

Նշվում է, որ մայիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 180 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց, այսինքն՝ կրկնակի ավելի, քան նախորդ շաբաթ։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր նաև դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊՆ-ից տեղեկացնում են, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և, կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Երբեք չպետք է թույլ տալ, որ Արցախը քաղաքական դաշտում դառնա շահարկումների գործիք. Պողոսյան

Արցախի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Նշենք, որ մայիսի 10-ից 16-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր ավելի քան 120 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց:

Ինչու Փաշինյանն ու Հարությունյանը չքննարկեցին Արցախի խնդիրը, կամ նոր հարաբերություններ