Երևանի մանկապարտեզներից մեկի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով, թիվ 49 մանկապարտեզը մարտից փակ է և մայիսի 18-ից չի աշխատել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի– Sputnik. Երևանի 16-րդ թաղամասում գտնվող թիվ 49 մանկապարտեզի աշխատակիցներից մեկը կորոնավիրուսով է վարակվել: Նրա թեստի պատասխանն այսօր  դրական է եղել։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Պարզվել է վարակվածի հետ կոնտակտավորների շրջանակը: Նրանք ինքնամեկուսացել են։ Նշեմ, որ մանկապարտեզը մարտից փակվել է, իսկ մայիսի 18-ից չի աշխատել, և երեխաների հետ կոնտակտ չի եղել»,- ասաց նա:

Գյումրիում ծնողները զգուշավոր են. քանի երեխա է հաճախում մանկապարտեզ և ինչ պայմաններով

Հակոբ Կարապետյանի խոսքով՝ մանկապարտեզն անորոշ ժամանակով փակ կմնա մինչև բժիշկները, մասնագետները դրա բացելը ճիշտ համարեն:

Ի դեպ, Կարապետյանը նշեց, որ մայիսի 20–ից հիշյալ մանկապարտեզը չի գործել, ինչպես նախատեսված էր, որովհետև աշխատակցի մոտ արդենկորոնավիրուս ունենալու կասկածներ են եղել և նա թեստավորում է անցել։

Հիշեցնենք Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 322–ով և դարձել 5928։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2952 մարդ, կատարվել է 47 654 թեստավորում, առողջացել են վարակվածներից 2874–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 74 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 4-ով) և մահվան 28 անուղղակի դեպք:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։

Ինչպես են մանկապարտեզները պատրաստվում երեխաներին դիմավորելուն, կամ տոն ծնողների համար

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Մայիսի 20–ից Երևանում գործում են նաև մանկապարտեզները, բայց կիրառվում են որոշակի սահմանափակումներ։