Միսը, կարագը, ձեթը ոչ միայն չեն թանկանա, այլև կէժանանան, բայց ոչ ընդմիշտ

Հայաստանին տրված ԵԱՏՄ մաքսային արտոնությունների ժամկետը կերկարացվի մինչև 2021թ-ը: Ավտոմեքենաների մաքսազերծման գների վրա նոր արտոնությունը չի տարածվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Սոցիալական նշանակության որոշ ապրանքների գները 2020թ-ի ընթացքում հնարավոր կլինի ոչ միայն զերծ պահել թանկացումից, այլև էժանացնել: Այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով ԵԱՏՄ մաքսային տարածքում Հայաստանին տրված արտոնությունները ևս մեկ տարով երկարացնելու համաձայնագրի մանրամասները:

«Ընդհանուր առմամբ 647 ապրանքատեսակի համար ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերի կիրառումը կհետաձգվի ևս մեկ տարով: Այդ ապրանքախմբերն են` ընտանի թռչնի միս, կարագ, արևածաղկի ձեթ, մարգարին, խոշոր եղջրավոր անասունի սառեցրած միս: Այսինքն՝ պառողական զամբյուղի՝ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքներն են և արտադրական նշանակություն ունեցող ապրանքները»,- ասաց Վարոս Սիմոնյանը:

Նախարարության հաշվարկով` այս արտոնության երկարացման շնորհիվ որոշ պարենային ու արդյունաբերական ապրանքների գինը Հայաստանում կնվազի շուրջ 3%-ով: Իսկ տնտեսվարողները կտնտեսեն շուրջ 30 մլն դոլար, որը հակառակ դեպքում ստիպված կլինեին վճարել որպես մաքսատուրք:

Գնաճը կանխել հաջողվել է, վարակվածների թվի աճը` ոչ. Փաշինյանը` ԵԱՏՄ առցանց գագաթնաժողովում

Արտոնության նոր ժամկետը չի տարածվի ներկրվող ավտոմեքենաների վրա: Դրանց արտոնյալ ժամկետը լրացել է 2020 թվականի հունվարի 1-ին:

Հիշեցնենք՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի պայմանագրին ՀՀ-ը միացել էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին: Իսկ լրացուցիչ փոփոխությունների մասին արձանագրությունը, որով Հայաստանին տրված արտոնությունների ժամկետը երկարացվեց ևս մեկ տարով ստորագրվել էր 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուգում:

Նոր համաձայնագիրն օրենքի ուժ կստանա ԱԺ-ում վավերացվելուց հետո, թեև դրանով նախատեսված իրավահարաբերույունները տարածվում են 2020թ-ի հունվարի 1-ից սկսած ՀՀ ներկրված ապրանքների վրա:

Հանձնաժողովը քննարկման արդյունքում համաձայնություն տվեց նախագծին և այն առաջիկայում կներառվի ԱԺ լիագումար նիստի օրակարգում:

Ինչպե՞ս կանդրադառնա կորոնավիրուսը գնաճի վրա. պետական մարմինների պատասխանները