Գագիկ Խաչատրյանին «Աստղիկ» ԲԿ-ից դուրս գրելու փաստաթուղթն անհետացել է․ կոռուպցիոն ռի՞սկ

Արդարադատության նախարարությունը փաստացի մեղադրում է «Աստղիկ» բժշկական կենտրոնին` Գագիկ Խաչատրյանին  ԲԿ-ում պահելու շահագրգռվածության մեջ։ Փաստի առթիվ հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՊեԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին «Աստղիկ» ԲԿ-ից դուրս գրելու բնօրինակ փաստաթուղթը սեղանից անհետացել է։ Նա ԲԿ–ից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ։ Հայտնում է Արդարադատության նախարարության կայքը։

Ինչեր են արել Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները. ԱԱԾ-ն նոր փաստեր է բացահայտել

Նախարարությունը հերքում է Գագիկ Խաչատրյանի պաշտպանի այն պնդումը, թե տեղափոխումն իրականացվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշման հիման վրա` նշելով, որ նման պնդումը  ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորություններին առնվազն չտիրապետելու արդյունք է։ ՊՈԱԿ-ի տնօրենն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ դուրս գրել այն հիվանդին, ով գտնվում է քաղաքացիական բժշկական հաստատությունում։

«Այսօր՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնի կողմից «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկին է ներկայացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռ․ Կուրղինյանի, Նյարդաբանական ծառայության ղեկավար, պրոֆ․ Հ․ Մանվելյանի, բաժնի վարիչ Գ․ Վարդանյանի կողմից տրված բնօրինակ փաստաթուղթ, որով վերջիններս իրենց ստորագրությամբ և բժշկական կենտրոնի կնիքով հաստատել են, որ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում «Աստղիկ» ԲԿ-ի նյարդաբանական բաժանմունքից 22․05․2020թ․ ժամը 16։00-ին։ Բնօրինակ փաստաթղթի հանձնումից հետո ՊՈԱԿ-ի բժիշկը, բնօրինակ փաստաթուղթը թողնելով «Աստղիկ» ԲԿ-ի տնօրենի սենյակում, դուրս է եկել սենյակից։ Կարճ ժամանակ անց վերադառնալով՝ ՊՈԱԿ-ի բժիշկը պարզել է, որ բնօրինակ փաստաթուղթը սեղանից անհետացել է։ «Աստղիկ» բժշկական կենտրոնն առերևույթ վստահությունը չարաշահելու եղանակով վերցրել է բժշկին տրված բնօրինակ փաստաթուղթը և հրաժարվել ներկայացնել այն՝ պատճառաբանելով, որ այդպիսի փաստաթուղթ չի տրամադրվել»,-գրում է կայքը։

Դատարանը բավարարեց Գագիկ Խաչատրյանի որդուն կալանավորելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը

Արդարադատության նախարարությունը  «Աստղիկ» բժշկական կենտրոնի ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ չնայած բնօրինակ փաստաթղթի «անհետացմանը», դրա լուսապատճենն առկա է և գտնում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Քրեակատարողական ծառայության տնօրինության տակ։

«Վերջիններս, պատշաճ կերպով կազմված, ստորագրված, կնքված փաստաթղթի հիման վրա իրականացնելու են կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի տեղափոխման գործընթացը»,-հայտնում է նախարարությունը։

Կայքը գրում է, որ նման պայմաններում առավել քան ողջամիտ է ենթադրությունն առ այն, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնը շահագրգռված է կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանին նշված բժշկական կենտրոնում պահելու հարցում, քանի որ փաստաթղթի «անհետացումից» հետո «Աստղիկ» բժշկական կենտրոնը կարծես հրաժարվել է դուրսգրման իր որոշումից։ Նման պայմաններում առնվազն կասկածելի է, թե ինչպես բժիշկ-մասնագետների կողմից ներկայացված դուրսգրման մասին որոշումը կարող էր այդքան հանկարծակի փոխվել։

Գագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբաններն ահազանգում են ճնշումների ու ահաբեկության մասին

«Գագիկ Խաչատրյանի դուրսգրման գործընթացում «Աստղիկ» բժշկական կենտրոնի շահագրգռված լինելու մասին ենթադրության հիմքերն առավել ամրապնդվում են նրանով, որ փաստացի «Աստղիկ» բժշկական կենտրոնում կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը որպես այդպիսին ստացիոնար բուժում չի ստանում (վերջինս այնտեղ է գտնվում սկսած 07․02․2020թ․-ից)։ Ցուցված բուժումն իրականացվում է հրավիրված մասնագետի միջոցով»,-գրում է կայքը։

«Մուլտի գրուպի» տնօրենը խոշոր կաշառք է տվել Գագիկ Խաչատրյանին. նոր մանրամասներ

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ փաստի առթիվ հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազություն։ Քանի որ կատարվածը հիմք է տալիս ենթադրելու, որ կարող են առկա լինել կոռուպցիոն ռիսկեր, որոնք իրավասու մարմնի կողմից պետք է արժանանան համապատասխան գնահատականի։

Հիշեցնենք` 2014-2016թթ–ին ՀՀ ֆինանսների նախարար եղած Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնական գործունեության ընթացքում վատնում կազմակերպելու համար և կալանավորված է: Նա չի ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։