Մի քանի օր առաջ օրինակ բերեցի բարոն Մյունհաուզենին, բայց ախր այդ մարդու համար այնքան էլ մեծ նշանակություն չուներ՝ կհավատան իրեն, թե ոչ։ Ուղղակի գեղեցիկ պատմություններ էր պատմում։ Այս մի դեպքը, որի մասին ուզում եմ այսօր պատմել, իրոք տեղի է ունեցել Ամերիկայում և կան բազմաթիվ վկայություններ, որ այն իրական է։
Սա վաղուց է պատահել՝ 1956 թվականի աշնանը: Թոմաս Ֆիցփեթրիքը թաղի տղաների հետ ուշ երեկոյան գարեջուր էր խմում Նյու Յորքի ամենակենտրոնում՝ Մանհեթենի գարեջրատներից մեկում: Հիմա արդեն ոչ ոք չի հիշում, թե ինչից է սկսվել նրանց միջև խոսակցությունը, բայց ավարտվել է նրանով, որ Թոմասն ասել է ընկերներին. «Ուզո՞ւմ եք գռազ գանք, որ հիմա ես դուրս կգամ այս գարեջրատնից և ընդամենը կես ժամից այստեղ կվերադառնամ ինքնաթիռով»։
Դե ծիծիաղել են, իհարկե, գռազ են եկել ու Թոմասը դուրս է եկել: Անմիջապես տաքսի է նստել ու գնացել է Նյու Ջերսի, որը Նյու Յորքից հեռու չէ: Մտել է ուսումնական ավիաբազա, որտեղ փոքր՝ մի տեղանոց ինքնաթիռներ էին կայանված, նստել է դրանցից մեկը, օդ է բարձրացել ու մի քանի րոպեից մթության մեջ կարողացել է վայրէջք կատարել Նյու Յորքի սուրբ Նիկոլասի ավենյույում՝ հենց այն գարեջրատան դիմաց, որտեղ նստած էին իր ընկերները:
Ինքն, իհարկե, ինքնաթիռ վարել գիտեր, որովհետև մինչ այդ որպես օդաչու ծառայել էր Կորեայում և նույնիսկ շքանշան ստացել: Եւ այնուամենայնիվ, համաձայնեք, անվտանգ վայրէջք կատարել Նյու Յորքի ամենակենտրոնում՝ փողոցում, այն էլ գիշերով և մի քանի գավաթ գարեջուր օգտագործելուց հետո՝ ամեն մարդու բան չէ: Իհարկե, եթե դա հիմա լիներ՝ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, Թոմասի այս արկածախնդրությունը կարող էր նրա համար ողբերգական հետևանքներ ունենալ՝ պարզապես կխփեին: Իսկ այն ժամանակ՝ 56 թվականին պարզապես ոստիկանությունը տուգանեց 100 դոլարով: Ու չգիտեմ էլ՝ արդյոք գռազով շահած գումարը դրանից շատ էր:
Ինչպես 100 տարի առաջ մեծ տերությունները բաժանեցին ամեն ինչ
Բայց եթե կարծում եք, թե պատմությունը սրանով ավարտվեց, չարաչար սխալվում եք։ Չեք հավատա, բայց դեժավյուի նման մի բան կատարվեց: Անցավ ուղիղ երկու տարի: Գեղեցիկ աշուն էր և Թոմասը կրկին գարեջուր էր խմում Մանհեթենում: Զրույցի բռնվեց սեղանակիցներից մեկի հետ, սկսեց պատմել, թե ինչպես է երկու տարի առաջ ինքնաթիռն իջեցրել գարեջրատան դիմաց:
Զրուցակիցը, բնականաբար, դա ընդունել էր ճիշտ այնպես, ինչպես մենք ենք ընդունում երևանցի տաքսիստների պատմածները այն մասին, թե ինչ ձեռնարկություններ են նրանք ունեցել ժամանակին Մոսկվայի կենտրոնում և ինչպես են սաունա գնացել ռուսաստանցի նախարարների և գեներալների հետ: Այսինքն՝ բնականաբար, չէր հավատում Թոմասի ոչ մի խոսքին: Ու Թոմասը բարկացավ: Ասաց. «Իսկ եթե հենց հիմա կրկնեմ արածս, կհավատա՞ս»։ Ու դուրս եկավ:
Երևի արդեն կռահում եք դեպքերի հետագա ընթացքը: Այո, կրկին նստեց տաքսի ու գնաց Նյու Ջերսի: Նստեց ինքնաթիռներից մեկը ու մի քանի րոպե անց վայրէջք կատարեց Մանհեթենում՝ հենց այն գարեջրատան դռան մոտ, որտեղ նստած էր իր թերահավատ սեղանակիցը: Ընդ որում՝ նկատեք՝ այս անգամ գռազ էլ չէր եկել, պարզապես ինքնասիրություններ էր խոցված, որ իրեն չեն հավատում:
Ֆաթիմայի հրաշքը․ հավատա՞լ, թե՞ ոչ
Ճիշտ է, այս անգամ արդեն 100 դոլար տուգանքով ամեն ինչ չսահմանափակվեց: Դատարանը նրան մի քանի ամսով ուղարկեց հանրային աշխատանքների ու ընդհանրապես զրկեց ինքնաթիռ վարելու թույլտվությունից: Բայց դա ինչ կարևոր է՝ մարդն արդեն երկու անգամ ապացուցել էր, որ իր խոսքի տերն է: Իսկ դա, համաձայնեք, ամենևին էլ քիչ բան չէ: