ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականի հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի ծառայողները 2020 թվականի մայիսի 14-ից սկսած` անլուր և հանկարծակի ստուգումներ են իրականացնում ՀՀ ոստիկանության տարածքային և մասնագիտացված ստորաբաժանումներում, ծառայության վայրերում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ տեղեկության՝ դա արվում է հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման, թարմ հետքերով բացահայտման, հակաիրավական արարքների արագ և օպերատիվ արձագանքման, արտաքին ծառայությունների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, պահպանվող օբյեկտներում կարգապահության և անցագրային ռեժիմի պահպանության աշխատանքներում ծառայողների զգոնության բարձրացման նպատակով։
«Մասնավորապես, ստուգումներ են իրականացվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Մաշտոցի, Մալաթիայի բաժիններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի և Արմավիրի բաժինների օպերատիվ վերակարգերում, համայնքային ոստիկանության հենակետերում, հերթապահ մասերում: Ստուգվել են պարեկապահակետային, գիշերային շրջիկ ծառայությունները, ոստիկանության բաժինների պատշաճ պահպանությունը, հաշվեցուցակային զենքի կրման կանոնները և ճանապարհային ոստիկանության կարգախմբերի ծառայությունները: Հայտնաբերվել են մի շարք խախտումներ և թերացումներ, որոնց կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել են ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը ստուգում ու անխնա տուգանում է. փոխոստիկանապետը տվյալներ է հրապարակել
Ոստիկանությունից տեղեկացնում են նաև, որ հետևողական են լինելու հայտնաբերելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործառութային պարտականությունների կատարման մեջ թերացած ոստիկանության ծառայողներին: