«Կարող էին տուժել կինն ու անչափահաս երեխաները»․ ՄԻՊ-ը՝ փաստաբանի տան վրա հարձակման մասին

Հարձակման ժամանակ փաստաբանը բացակայել է տնից։ Այդ պահին բնակարանում եղել են նրա կինն ու անչափահաս երեխաները։ Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտել է փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա 4 տղամարդկանց հարձակումն ու հնչած սպառնալիքները։

«Խոսել եմ պարոն Աթանեսյանի հետ, որը տեղի ունեցածը կապում է իր մասնագիտական գործունեության հետ: Այս հարցը պետք է լինի իրավապահ մարմինների կողմից առաջնահերթ պարզելու ենթակա հարց, քանի որ փաստաբանի մասնագիտական գործունեությունը գտնվում է օրենքի հատուկ պաշտպանության ներքո։ Տեղյակ եմ, որ ոստիկանությունը ժամանել է ահազանգով, նախաձեռնվել է վարույթ և իրականացվում են գործողություններ: Մենք կապի մեջ կլինենք ոստիկանության հետ»,- գրել է Թաթոյանը:

Սաբինա Ալիևան խեղաթյուրել է Արման Թաթոյանի խոսքերը. ՄԻՊ–ն արձագանքել է

Նա դատապարտել է կատարվածը, նշելով որ հարձակման հետևանքով կարող էին տուժել նրա ընտանիքի անդամները՝ կինն ու անչափահաս երեխաները, որոնք այդ պահին տանն են եղել:

Նշենք, որ այսօր մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ երեկ`ժամը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են նրա բնակարան, փաստաբանի հասցեին սպառնալիքներ տեղացել ու հեռացել։

«Խիստ դատապարտելի է նորածնին և նրա մորն ուղղված ատելությունը». Թաթոյանի կոշտ արձագանքը