ԵԱՏՄ տարածքում կորոնավիրուսի պատճառով ապրանքային դեֆիցիտ չի լինի

ԵԱՏՄ-ում վերլուծվել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը: Միության անդամներին առաջին անհրաժեշտության ապրանքների ու սննդամթերքի դեֆիցիտ չի սպառնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik.Կորոնավիրուսի համաշխարհային համավարակով պայմանավորված` ԵԱՏՄ շրջանակներում առաջին անհրաժեշտության ու հատկապես սննդամթերքի դեֆիցիտ չի կանխատեսվում: Այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ասաց, որ նման եզրակացության են հանգել ԵԱՏՄ անդամ երկրներում կատարված վերլուծական աշխատանքի արդյունքում:

Միսը, կարագը, ձեթը ոչ միայն չեն թանկանա, այլև կէժանանան, բայց ոչ ընդմիշտ

«Համադրելով բոլոր երկրներում կատարված վերլուծական աշխատանքները, կարող ենք ասել՝ ԵԱՏՄ-ն ինքնաբավ միություն է, որտեղ մի երկիրը մյուս երկրին կարող է ապահովել համապատասխան ապրանքով: Օրինակ՝ թռչնի միսը մենք 70 %-ը կարող ենք ներկրել Ռուսաստանից կամ Բելառուսից: Մենք կարող ենք տալ բանջարեղեն, հատապտուղներ»,- ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ 2020թ-ի մարտի 1-ին Հայաստանում պաշտոնապես հաստատվեց կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը: Մարտի 16-ին ՀՀ կառավարությունն արտակարգ դրություն հայտարարեց, որից հետո ՀՀ վաճառակետերում որոշակի աժիոտաժ նկատվեց, բայց ապրանքների դեֆիցիտ չառաջացավ:

ՀՀ կառավարությունը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ չի կարող առաջանալ: Մեր երկիրն ապահովված է բավարար պահուստներով:

Հայաստանը պնդում է, Ռուսաստանը` պարզաբանում. հնարավո՞ր է ԵԱՏՄ–ում գազի միասնական շուկան

Նշենք, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5928 դեպք, 2874 մարդ առողջացել է, մահվան 74 դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2952 պացիենտ: Կատարվել է 47 654 թեստավորում: