Չի կարող լինել որևէ լուծում, որը չի ունենա Արցախի և ՀՀ ժողովրդի համաձայնությունը․ Միրզոյան

Երկու երկրների խորհրդարանների նախագահները ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Այսօր՝ մայիսի 22-ին տեղի է ունեցել ՀՀ և ԱՀ ԱԺ նախագահներ Արարատ Միրզոյանի և Արթուր Թովմասյանի հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության խորհրդարանի պաշտոնական կայքը։

Փաշինյանը հայտնել է Հայաստանի և Արցախի ղեկավարների նոր պայմանավորվածության մասին

Արարատ Միրզոյանը, իր և ՀՀ ԱԺ անունից շնորհավորելով Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահին, պատրաստակամություն է հայտնել ընդլայնել երկու հանրապետությունների խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը:

Արթուր Թովմասյանն էլ իր հերթին բարձր է գնահատել ՀՀ ԱԺ դերը Արցախի դիրքորոշումը խորհրդարանական տարբեր շրջանակներում ներկայացնելու գործում: Նա համոզմունք է հայտնել, որ երկու խորհրդարանների համագործակցությունը այսուհետ ևս կշարունակի ակտիվորեն ընդլայնվել:

Արցախի և Հայաստանի ԱԺ նախագահների հանդիպումն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու հանրապետությունների խորհրդարանների պատգամավորների մասնակցությամբ: Արթուր Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի և Արցախի խորհրդարանների համագործակցությանը՝ նշելով որ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին զուգահեռ, անհրաժեշտ է համարում նաև երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջև սերտ փոխգործակցությունը:
Խոսելով խորհրդարանի արտաքին կապերի մասին՝ ԱԺ նախագահը ընդգծել է ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահող երկրների համագործակցության խորացումը՝ այդ գործընթացում կարևորելով ՀՀ խորհրդարանի դերը:

Արարատ Միրզոյանը կաևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ երկրի դիրքորոշման ներկայացման գործում:

«Արցախը Հայաստան է, և վերջ». Արայիկ Հարությունյանը հուզիչ պատմություն պատմեց

«Խաղաղ բանակցությունների արդյունքը, արցախյան հիմնախնդրի վերջնական լուծումը պետք է հիմնված լինեն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման վրա, և չի կարող լինել որևէ լուծում, որը չի ունենա Արցախի և Հայաստանի ժողովրդի համաձայնությունը»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Հանդիպմանը հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների պատգամավորները հանդես են եկել ելույթներով և հնչեցրել առաջարկներ, ինչպես Արցախի բարեկամական շրջանակների ընդլայնման, այնպես էլ՝ տարբեր երկրների խորհրդարանների հետ համագործակցության նոր ուղիների մշակման վերաբերյալ:

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նորընտիր յոթերորդ գումարման խորհրդարանը փակ քվեարկության արդյունքում 29 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ երեկ` մայիսի 21–ին, Ազգային ժողովի նախագահ ընտրեց «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանին: