Արցախում զինծառայողի սպանության կասկածանքով կրտսեր սերժանտ է կալանավորվել

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ին մեղադրանք է առաջադրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Կրտսեր սերժանտ Հ.Դ.-ն կալանավորվել է` ժամկետային զինծառայող Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

«Շարքային Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 10-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու, սպանելու համար: Կրտսեր սերժանտի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` շարքային Հենրիկ Արամյանի դին հայտնաբերվել էր մայիսի 19-ին, Արցախի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։