Նախարարներից երկուսն ինքնամեկուսացած են ու չեն մասնակցում կառավարության նիստին

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում հայտնեց, թե ովքեր են նրանք, և ինչն է նրանց ինքնամեկուսացման պատճառը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստից բացակայում են գործադրի անդամներից երկուսը՝ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց նրանց բացակայության պատճառը:

«Պարոն Պապիկյանը դեռևս ինքնամեկուսացման մեջ է գտնվում: Հուսով ենք` հաջորդ նիստին անպայման կմասնակցի»,- ասաց նա:

Պապիկյանը բացակայում էր նաև կառավարության նախորդ նիստից, թեև մեկ շաբաթ առաջ հայտարարվեց, որ նա թեստավորվել է ու բացասական պատասխան է ստացվել:

Ռազմավարությունը փոխում են. ասիմպտոմ հիվանդներին կուղարկեն տուն, նորերին չեն հոսպիտալացնի

Կառավարության այսօրվա նիստից բացակա Զարուհի Բաթոյանը ևս շփում է ունեցել իր վարակակիր աշխատակիցներից մեկի հետ, ինչն էլ նրա ինքնամեկուսացման պատճառ է դարձել:

Նշենք, որ կառավարության մայիսի 14-ի նիստից բացակայում էր նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ դարձյալ վարակակիր աշխատակցի հետ շփում ունենալու պատճառով: Նրա թեստի պատասխանը ևս բացասական էր: Այսօր նախարարն արդեն ներկա էր նիստին:

Հիշեցնենք` Հայաստանում մայիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ Հայաստանում այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 45822 թեստավորում:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 335-ով և դարձել 5606