Վարորդական վկայական ստանալու քննությունները կիրականացվեն միայն նախնական գրանցմամբ

Ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում հերթերից խուսափելու ու կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik.Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում մայիսի 23-ից սկսած՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները կիրականացվեն միայն նախնական գրանցմամբ։

«Քննություններին մասնակցելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով՝ անհրաժեշտ է е-request.am համակարգի միջոցով կամ info@roadpolice.am էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունն այս քայլին է դիմել մարդկային կուտակումներ առաջացնող հերթերից խուսափելու և դրանով պայմանավորված՝ վարակի տարածումը կանխելու նպատակով։

Հիշեցնենք, որ մայիսի 21-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, առողջացել է 2581 մարդ, գրանցվել է մահվան 70 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում: Քաղաքացիներից 135-ի վիճակը ծանր է, 63-ինը՝ ծայրահեղ ծանր, 15 հիվանդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։