Թորոսյանը բարկացավ. մինչև տարեվերջ մոտ 300 միլիոն դոլար է պետք լինելու

Արսեն Թորոսյանին զայրացնում է, որ լրատվամիջոցներում պարբերաբար շահարկում են կորոնավիրուսային ծախսերի թեման։ Նա վստահեցնում է, որ մինչ օրս ծախսված 2,4 միլիարդ դրամը շատ փոքր թիվ է նման լայնածավալ աշխատանքներ իրականացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ինչու մինչև հիմա չեն հրապարակում կատարված ծախսերը, նշեց` սա լավ առիթ է թվերը ներկայացնելու ու տարատեսակ շահարկումներին վերջ տալու համար։

ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված 270 երեխա կա, 27 հղի. Թորոսյանը՝ նրանց վիճակի մասին

Թորոսյանը նշեց, որ մինչ այժմ կորոնավիրուսի հաղթահարման համար հատուկ բացված հաշվին փոխանցվել է մոտ 1 միլիարդ 98 միլիոն դրամ, ևս 2 միլիարդ 15 միլիոն դրամ ստացել են պետբյուջեից, ևս մեկ միլիարդ 24 միլիոն դրամ էլ շուտով կստանան , ընդհանուր ստացվում է մոտ 4,5 միլիարդ դրամ։

«Փաստացի ծախսը կազմում է 2,4 միլիարդ դրամ, ես սա համարում եմ շատ փոքր, կատաստրոֆիկ փոքր թիվ նման լայնածավալ աշխատանքներ իրականացնելու համար, որովհետև տարբեր գնահատականներով մեր երկրին մինչև տարվա վերջ անհրաժեշտ է լինելու մինչև 300 միլիոն դոլար»,-ասաց նա։

Թորոսյանի խոսքով՝ մոտավորապես 464 միլիոն դրամ ծախսվել է բժշկական կենտրոնների շինարարության վրա, որոնք 1-2 ամսվա ընթացքում բերվել են ներկայիս վիճակին, իսկ շինարարական աշխատանքների ընդհանուր ծախսերը մինչ օրս կազմել են 752 միլիոն դրամ։

Ընդհանուր գումարը, որը կծախսվի բժշկական սարքավորումների վրա, կկազմի 1,6 միլիարդ դրամ։

Անդրադառնալով քննարկումներին, թե բժիշկները բարձր աշխատավարձ են ստանում` Թորոսյանը բորբոքվեց` ընդգծելով, որ այդ նույն բԺիշկները կատարում են 24-ժամյա աշխատանք, վտանգում են իրենց կյանքն ու առողջությունը, իսկ նման պարագայում ինչո՞ւ նրանք պետք է ցածր աշխատավարձ ստանան։

Հիշեցնենք, որ մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, առողջացել է 2581 մարդ, գրանցվել է մահվան 70 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում: Քաղաքացիներից 135-ի վիճակը ծանր է, 63-ինը՝ ծայրահեղ ծանր, 15 հիվանդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։