ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում առանց զեկուցման ու քննարկման հավանություն տվեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Նախագծի հեղինակը ՀՀ արդարադատության նախարարությունն է: Դրանով հիմնականում կարգավորվում է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու հետևանքով արդեն իսկ նշանակված հանրաքվեի կասեցման ու վերսկսման կարգը, այսինքն՝ այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու ու սահմանադրական հանրաքվեն հետաձգելու հետևանքով:
Եվ այսպես, կառավարության առաջարկած նախագծով ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 12 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հանդես գա հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ:
Ղազարյան. «ՍԴ ճգնաժամի լուծումը բացառվում է առանց հանրաքվեի»
Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո եռօրյա ժամկետում ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրում, որով նշանակում է կասեցված հանրաքվեի գործընթացը վերսկսելու օրն ու քվերակության օրը: Այն պետք է կիրակի լինի:
Ընդ որում` քարոզարշավի համար պետք է հատկացվի նվազագույնն այնքան ժամանակ, որքան մնացել էր արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու հետևանքով հետաձգված հանրաքվեի քարոզարշավին:
Նոր հանրաքվեի անցկացման ժամանակացույցը կկազմի ԿԸՀ-ն:
Հիշեցնենք՝ մարտի 16-ին Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունից հետո մարտի 17-ին ՀՀ ԿԸՀ-ն հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացներն ու միջոցառումները դադարեցվում են:
Հայաստանում ապրիլի 5-ին նախանշված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անորոշ ժամանակով չեղարկվեց:
ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը կարող է լինել առանց հանրաքվեի․ Ռուբեն Ռուբինյան