Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը «լազաթ» տվեց. Փաշինյան

Ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 1-8-ը, դիմորդը կհանձնի մեկ քննություն: ՀՀ կառավարությունը հաստատեց կորոնավիրուսով պայմանավորված` բուհերի ընդունելության փոփոխված կարգը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը հստակեցրել է բուհերի ընդունելության կարգը՝ պայմանավորված կորոնավիրուսի թելադրած նոր կանոններով:

Ի՞նչն են կարևորելու բուհերի ընդունելության ժամանակ. նախարարը մանրամասներ է հայտնել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց որոշման մանրամասները:

Նա նշեց, որ այս տարի բոլոր բուհերում դիմորդները հանձնելու են միայն մեկ քննություն, որն ընտրվել է նախկին երեք քննական առարկաներից, իսկ կամընտրական առարկաների միջից ընտրության իրավունքը թողնվել է դիմորդին:

«Հայտերի ընդունման գործընթացն ամբողջությամբ թվայնացրել ենք: Այն կմեկնարկի մայիսի 25-ից և կավարտվի հունիսի 15-ին: Իսկ հուլիսի առաջին տասնօրյակում կանցկացվեն ընդունելության քննությունները»,- ասաց Հարությունյանը:

Բարձր առաջադիմություն ունեցող որևէ ուսանող բուհից դուրս չի մնալու վճարի պատճառով. Փաշինյան

Նախարարը հայտնեց, որ հավասար բալերի դեպքում դիտարկվելու է ՄՈԳ-ի գնահատականը:

Պատասխանելով վարչապետի հարցին, թե արդյո՞ք դիմորդը հնարավորություն կունենա մեկ քննությամբ դիմելու նաև այլ բուհեր, նախարարը պատասխանեց, որ բոլոր այն մասնագիտությունների, համար, որտեղ ընդունելությունն իրականացվում է նույն առարկայի քննությամբ, դիմորդը կարող է դիմել, և եթե մի բուհում բալերը չեն բավարարում, նույն բալերով մասնացել այլ բուհերի մրցույթներին:

«Հետո էլ ասում ենք։ Էս կորոնավիրուսի շուրջ այնքան պոզիտիվ ենք ստեղծում, որ դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը «լազաթ» տվեց»,- ասաց Փաշինյանը:

Ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 1-8-ը:

Բուհ ընդունվողներն այս տարի միայն մեկ քննություն կհանձնեն. նախարար