Ռազմավարությունը փոխում են. ասիմպտոմ հիվանդներին կուղարկեն տուն, նորերին չեն հոսպիտալացնի

Արսեն Թորոսյանը չի բացառում, որ կորոնավիրուսով վարակված ասիմպտոմ դեպքերը կարող են սիմպտոմատիկ դառնալ, ուստի պլաններ են մշակել նաև այդ ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ վաղվանից հյուրանոցներում և հիվանդանոցներում գտնվող թեթեև, ասիմպտոմ հիվանդներին կուղարկեն տուն, որպեսզի նրանք շարունակեն իրենց փաստացի ինքնամեկուսացումը։ Իսկ հիվանդության այն նոր դեպքերը, որոնք կհաստատվեն, բայց չեն ունենա բուժօգնության կարիք, չեն հոսպիտալացվի և կմնան տանը։

«Մենք չեն բացառում, որ ասիմպտոմ դեպքը հիվանդության փուլում կարող է դառնալ սիմպտոմատիկ, և քաղաքացուն պետք լինի բուժօգնություն։ Մենք պետք է բաց չթողնենք բուժօգնության կարիքի բացահայտումը։ Դա կարող է լինել բժիշկի այցով կամ շտապօգնությամբ հոսպիտալացումով։ Մենք քաղաքացիներին ուղարկելով տուն, չենք զրկում նրանց բուժօգնություն ստանալու իրավունքից, պարզապես փոխում ենք հիվանդության վարման մեր ռազմավարությունը»,-ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ արդեն 3-րդ օրն է, ինչ հեռավար դասընթացներ են կազմակերպվում առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների, բուժքույրների և կառավարիչների մասնակցությամբ, որպեսզի ամեն ինչ լինի կազմակերպված։

Կորոնավիրուսով վարակվածներից 135-ի վիճակը ծանր է, 63-ինը` ծայրահեղ ծանր. Թորոսյան

Նշենք, որ նախարարն ասուլիսի ժամանակ նաև հայտարարել էր, որ ստեղծվել է մի իրավիճակ, որից իրենք այդքան խուսափում էին։

Հիշեցնենք, որ մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում: Քաղաքացիներից 135-ի վիճակը ծանրը է, 63-ինը՝ ծայրահեղ ծանր, 15 հիվանդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։

«Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն». Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեց