Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարությամբ է հանդես եկել` արձագանքելով Արցախի նորընտիր նախագահի՝ Շուշիում կայանալիք երդմնակալության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ–ի արած հայտարարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Պատերազմի սպառնալիքները և ռազմատենչ կեցվածքը՝ լինեն դրանք հայտարարությունների, թե միջազգային հաձնառությունների խախտմամբ անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների տեսքով, Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման ավանդական բաղադրիչներն են։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` արձագանքելով Արցախի նորընտիր նախագահի՝ Շուշիում կայանալիք երդմնակալության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ–ի արած հայտարարությանը։

Ադրբեջանն իր զորավարժությունների մասին նախապես չի հայտարարել. Բալայան

Ադրբեջանի ԱԳՆ–ն երեկ հայտարարությամբ էր հանդես եկել` ասելով, որ Արցախում անցկացված անօրինական ընտրություններն ու երդմնակալության արարողությունը Հայաստանի կողմից հերթական քաղաքական բռնության դրսևորումն է։

Նշվում էր նաև, որ Շուշիում` Ադրբեջանի «պատմական քաղաքներից» մեկում Արցախի նախագահի երդմնակալության արարողության կազմակերպումը և դրան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը սև բիծ է Փաշինյանի քաղաքական վարկանիշի վրա։

Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե պատերազմը դեռ չի ավարտվել, և Ադրբեջանը լիիրավ իրավունք ունի ապահովել իր տարածքային ամբողջականությունը բոլոր հնարավոր միջոցներով։

«Ադրբեջանական կողմի պատերազմի սպառնալիքները և ռազմատենչ կեցվածքը որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմերի դիրքորոշումների և Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների վրա: Այնուհանդերձ, դրանք միանշանակորեն վնասում են խաղաղության նպաստող միջավայրի ձևավորմանը, որն անհրաժեշտ է բովանդակային հարցերի դիտարկման համար»,–ասել է Նաղդալյանը։

Նրա խոսքով` Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Այլևս անշրջելի իրողություն է, որ Արցախը կայացած ժողովրդավարական պետություն է. ՀՀ նախագահ

ԱԳՆ խոսնակը ևս մեկ անգամ շնորհավորելով Արցախի ժողովրդին ժողովրդավարական գործընթացների արդյունքում իշխանություն ձևավորելու կապակցությամբ, վերահաստատել է, որ ՀՀ–ն կշարունակի սերտորեն համագործակցել խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնող նոր իշխանությունների հետ։

Այդ համատեքստում, ըստ Նաղդալյանի, ՀՀ–ն հետևողականորեն կպաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց որևէ սահմանափակման:

Հիշեցնենք, որ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր` ժամը 18։00-ին, Շուշիում։ Արարողությանը կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը 7 պաշտոնյայի Արցախ է գործուղել. նրանց թվում են ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը