Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիները կրկին հրաժարվել են հյուպատոսության առաջարկից․ ԱԳՆ

Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն առաջարկել էր ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպել ինքնաթիռով, սակայն նրանք պնդել են հարցը լուծելու իրենց տարբերակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են Հայաստան վերադառնալ երեկ կայացած Սոչի-Երևան թռիչքից։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նրանք ցանկանում են Հայաստան վերադառնալ բացառապես անձնական ավտոմեքենաներով:

Սիրիայում ՀՀ դեսպանությունը հայտնել է` երբ է նախատեսվում Դամասկոս–Երևան չվերթը

Նրա խոսքով՝ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայումս գտնվող ՀՀ քաղաքացիների հետ մշտական կապի մեջ է մաքսային կցորդը։ Նաղդալյանը հիշեցրեց, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով վրացական իշխանությունների կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ռուս-վրացական սահմանը շարունակում է փակ է լինել օտարերկրյա քաղաքացիների համար:

«Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից որպես լուծման տարբերակ առաջարկվել էր կազմակերպել ՀՀ քաղաքացիների վերադարձն երեկ կայացած Սոչի-Երևան, ինչպես նաև առաջիկայում կայանալիք թռիչքներով՝ միաժամանակ հոգալով ինչպես կանանց և երեխաների ճանապարհածախսը, այնպես էլ՝ ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները հատուկ հատկացված կայանատեղիներում պահելու հարցերը: Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են լուծման վերոնշյալ, ներկայումս միակ տարբերակից՝ պնդելով կազմակերպել իրենց վերադարձը Հայաստան բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով»,-ասաց նա:

Ընդգծենք, որ ՀՀ քաղաքացիներն արդեն տևական ժամանակ է` գտնվում են Վերին Լարսում։ Sputnik Արմենիան ավելի վաղ զրուցել էր նրանցից մի քանիսի հետ։