Տուգանքը նույնիսկ գյումրեցիներին է ստիպել կարգապահ դառնալ

Գյումրեցիները տրանսպորտ են նստում ձեռնոցներով ու դիմակներով: Դժվարություններ կան, բայց անհնազանդ ուղևորներին սաստում է «գրպանին կպչելու» օրենքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Արդեն երկու օր է` հանրային տրանսպորտն «աշխատում» է դիմակներով, ձեռնոցներով, ալկոգելով: Գյումրեցիները, որոնք սովորաբար դժվարությամբ են ենթարկվում այս կամ այն կանոնին, վերջին օրերին նույնպես կարգապահ են դարձել։ Դիմակների ու ձեռնոցների պահանջը գործում է ինչպես վարորդների, այնպես էլ ուղևորների համար: Գյումրու քաղաքապետարանի Տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ վարորդներին ու տրանսպորտային միջոցներին վերաբերող պահանջները վերահսկելը հեշտ է, մինչդեռ ուղևորների դեպքում որոշակի խնդիրներ են ծագում։

Տուգանքը նույնիսկ գյումրեցիներին է ստիպել կարգապահ դառնալ

Ավտոբուսներն ու միկրոավտոբուսներն ախտահանվում են, կանգառներում հանրային տրանսպորտի աշխատանքը վերահսկում են ոստիկանական կարգախմբերը:

Տուգանքը նույնիսկ գյումրեցիներին է ստիպել կարգապահ դառնալ

«Գյումրիում հանրային տրանսպորտը շահագործող ՍՊԸ-ները պայմանագիր են կնքել համապատասխան կազմակերպության հետ, համաձայն որի` մեքենաներում օրական երկու անգամ ախտահանման աշխատանքներ են իրականացվում»,-ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` չնայած վարորդները դեռ չեն բողոքել կարգազանց ուղևորներից, բայց առանց դիմակի ու ձեռնոցի տրանսպորտ նստելու փորձ եղել է։

«Վարորդներին ասել ենք, որ չվերցնեն նման ուղևորների: Երեկ մի երիտասարդ է փորձել բարձրանալ միկրոավտոբուս, վիճել է, բայց հաջողվել է նրա մուտքը տրանսպորտ կանխել»,-նշեց Սարգսյանը։

Ըստ պատասխանատուի` դժգոհություններ կան, բայցևայնպես ուղևորները ձեռնոցներ ու դիմակներ կրում են։ Ըստ Սարգսյանի` դա կապված է տուգանքի հետ։ Երեկ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության առաջարկած նախագիծը, ըստ որի` արտակարգ դրության ժամանակ սահմանված ազատ տեղաշարժի սահմանափակումները խախտողները կտուգանվեն 10 հազար դրամով:

Հանրային տրանսպորտը սկսել է գործել. ուղևորների մուտքը` միայն դիմակով

Sputnik Արմենիան փորձեց զրուցել նաև ուղևորների հետ, սակայն միայն նրանցից երկուսը համաձայնեցին պատասխանել մեր հարցերին։

«Աղջիկ ջան, որ գրպաններիս կպան, սաղս էլ կկրենք, ձեռնոց ու դիմակ չէ, պետք եղավ արտահագուստ էլ,-ասաց 25 համարի երթուղու ուղևորներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ,– եթե համարում են, որ սա մեր առողջության համար է, ուրեմն պետք է կրենք, միայն թե հարց է՝ հմի էս շոգին տրանսպորտի մեջ դիմակով խեղդելուց ենք մեռնելու, թե կորոնավիրուսից»:

Երիտասարդ Գայանեն էլ, որը նույնպես օգտվում է հանրային տրանսպորտից, մեզ հետ զրույցում ասաց, որ անկախ տուգանքից, ինքն արդեն տևական ժամանակ հետևում է նախարարության հորդորներին։

«Դիմակներ ու ձեռնոցներ կրելը այս պարագայում պարտադրանքով չպետք է լինի, մարդիկ գիտակցելով պիտի անեն, հատկապես` տրանսպորտում։ Զարմանում եմ, որ շատերն ըմբոստանում են ու ոչ միայն իրենք չեն կրում, այլև ծիծաղում են նրանց վրա, ովքեր դիմակով ու ձեռնոցով են տնից դուրս գալիս»,– ասաց նա։

Հավելենք, որ այս պահին Գյումրիում դեռ հաջողվում է ուղևորափոխադրումը նստատեղերի քանակով ապահովել. մի շարք հաստատություններ դեռ չեն աշխատում: Առայժմ Գյումրու հանրային տրանսպորտն աշխատում է ոչ ամբողջական շարժակազմով. չի գործում 14 համարի միկրոավտոբուսային երթուղին, փոխարենը նոր ուղղություն է շահագործվում: Երթուղիների ու շարժակազմի քանակը կախված է ուղևորահոսքից: