«Տավուշ տեքստիլի» 7 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 2 արտադրամաս փակվել է

«Տավուշ տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանը մտադիր է ձեռնարկության հաշվին բոլոր աշխատակիցների թեստավորում անցկացնել, որպեսզի դիմակների արտադրությունը ոչ մի վայրկյան չկանգնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. «Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի որոշ աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասաց Տավուշի մարզպետարանի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Սարգսյանը։

Ռուսաստանում աշխատում են կորոնավիրուսի դեմ 47 անուն պատվաստանյութի ստեղծման վրա

«Հաստատվել է կորոնավիրուսով վարակի 7 դեպք, փակվել է 2 արտադրամաս, որոնց 150 աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամներն ինքնամեկուսացած են: Վարակակիրների  քանակը մարզում այս պահի դրությամբ 31 է»,–ասաց նա:

«Տավուշ տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ մտադիր է բոլոր աշխատակիցների թեստավորում անցկացնել ձեռնարկության հաշվին, որպեսզի դիմակների արտադրությունը ոչ մի վայրկյան չկանգնի։

Նշենք, որ վերջերս «Տավուշ տեքստիլի» արտադրամասերից 3–ը վերապրոֆիլավորվել են և այժմ արտադրում են բժշկական դիմակներ։ Կորոնավիրուսի հաստատված դեպքերը դիմակների արտադրության արտադրամասերում չեն։

Բանակն ապահովված է կորոնավիրուսի կանխարգելման բոլոր միջոցներով. փոխնախարար

Հիշեցնենք, մայիսի 20–ի ժամը 11–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5271 է։ Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 230 դեպք։