ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող: Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում այսօր` մայիսի 20–ին, այսպիսի հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ոչինչ ընթացքի մեջ չփոխենք՝ մայիսի վերջին կունենանք մոտավորապես 10 հազար հիվանդ, այսինքն՝ դրական ախտորոշված պացիենտ, իսկ հունիսի կեսերին արդեն այդ թիվը կարող է հասնել 20 հազարի: Ինչը նշանակում է, որ մենք պետք է ձեռնարկենք ոչ այնքան այլ միջոցներ, այլ նորից պետք է վերանայենք մեր կիրառած միջոցառումների և առավել ևս դրանց կիրառման որակը և ծավալը»,- ասել է Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ պարետատան մարտավարությունը և ռազմավարությունը ընդհանուր առմամբ եղել է հետևյալը՝ կորոնավիրուսի առկայությամբ սովորել ապրել բնականոն կյանքով կամ հնարավոր ամենաբնականոն կյանքով, բայց դա կազմակերպել այնպես, որ անհրաժեշտություն չլինի վերադառնալ նախկինում կիրառված սահմանափակումներին:
Կառավարության ղեկավարը նշել է, որ, ցավոք, կորոնավիրուսի տարածման առկա տեմպի պայմաններում չկա վստահություն, որ դա հնարավոր կլինի անել, սակայն իշխանության հիմնական խնդիրը շարունակում է մնալ հենց դա՝ սովորել, շարունակել սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում և կորոնավիրուսի տարածումը վերցնել խստագույն հսկողության տակ:
Վարչապետը, սակայն, կարևոր է համարում, որ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի ընթացքում հաջողվել է պահել գնաճի մինիմալ շեմը, և Հայաստանի ֆինանսական շուկան ցնցումների չի ենթարկվել:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք մեր մարտավարությունը և պետք է տնտեսական խնդիրը, սոցիալ-տնտեսական խնդիրներն ամենևին չթերագնահատենք ի հակադրություն առողջապահական խնդիրների: Բայց մյուս կողմից` առողջապահական խնդրի չլուծումը և սրացումը կարող է իր հերթին ավելի խորացնել տնտեսական խնդիրները և ավելի դժվարացնել դրանց լուծումը»,- նշել է գործադիրի ղեկավարը:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրությանը, ընդհանուր դինամիկային, վարակված անձանց առողջական վիճակին, կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումներին:
Նշվել է, որ թեստավորման ծավալներն ավելացնելու արդյունքում հնարավոր է դարձել վարակման դեպքերը հնարավորինս վաղ հայտնաբերել, բուժման արդյունքում չթողնելով, որպեսզի հիվանդների մոտ առողջական վիճակի վատթարացում տեղի ունենա:
Հիշեցնենք`այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել 5271–ի։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2758 մարդ, կատարվել է 44071 թեստավորում, առողջացել են վարակվածներից 2419–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 67 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 3-ով) և մահվան 27 անուղղակի դեպք:
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 230-ով և հասել 5271-ի. նոր տվյալներ