ԿԳՄՍՆ-ն հայտնել է, թե ով և ինչպես պետք է կազմակերպի դպրոցներում դասագրքերի հանձնումը

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ յուրաքանչյուր ուսումնական հաստատություն կարող է մշակել դասագրքերի հանձնման իր պլանը` հաշվի առնելով տվյալ հաստատությունում սովորողների թիվը, դպրոցների տարածքային հնարավորությունները և այլ հանգամանքներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Դասագրքերի հանձնման կազմակերպումը դպրոցի տնօրենի գործառույթն է։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել` հիշեցնելով և՛ այդ մասին, և՛ անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության։

«Հաշվի առնելով, որ վերջին օրերին հանրային արձագանք է ստացել դպրոցներում ուսումնական տարվա ավարտով պայմանավորված` դասագրքերի հանձնման հարցը, տեղեկացնում ենք, որ խնդիրը գտնվում է ուսումնական հաստատության տնօրենի գործառույթների տիրույթում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեններին` դասագրքերի հանձնման գործընթացը կազմակերպել` խստորեն պահպանելով պարետատան սահմանած անվտանգության կանոնները`տարածքի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում, մարդկային կուտակումների բացառում և այլն:

Առաջին դասարանցիների ընդունելության առցանց ստուգման փուլը սկսվել է. ի՞նչն է փոխվել

«Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն կարող է մշակել դասագրքերի հանձնման իր պլանը` հաշվի առնելով տվյալ հաստատությունում սովորողների թիվը, դպրոցների տարածքային հնարավորությունները և այլ հանգամանքներ: Միաժամանակ նշենք, որ ավարտական դասարաններում գրքերի հանձնման գործընթացը կարող է կազմակերպվել ատեստատները ստանալու օրերին, իսկ մնացած դասարաններում` ըստ դպրոցի տնօրենության հայեցողության»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, ՀՀ պարետի որոշման համաձայն` հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը թույլատրվում է կազմակերպել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով, կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքները՝ հաստատության ղեկավարի հրահանգներին համապատասխան:

Առցանց դասեր հայերենով․ Վրաստանում նոր նախագիծ են կյանքի կոչել