Գողացել են լեգենդար «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանները. լուսանկարներ

Գողացել են քանդակներից չորսն ու գնդակը։ Գտնողներին դրամական պարգև են խոստանում։ Լուսանկարներում երևում է, որ հետևի շարքի մի քանի արձանները չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գրասենյակի մենեջեր Գրիգոր Թադևոսյանը Facebook-ի իր էջում հայտնում է, որ անհայտ անձինք գողացել են «Արարատ 73»-ի մի քանի ֆուտբոլիստների արձանները։ Նա կողոպտիչներին հորդորում է վերադարձնել դրանք։

«Նման բան չպետք է լինի մեր երկրում, մենք պետք է սիրենք մեր ֆուտբոլը, հիշենք անցյալը, ստեղծենք նորը և առաջ շարժվենք, այլ ոչ թե գողանանք ու վաճառենք ինչ-որ կոպեկների համար», - ասում է Թադևոսյանը:

Նա պատրաստ է դրամական պարգև տալ նրան, ով կօգնի գտնել արձանները։

Գողերը պոկել ու տարել են Նիկիտա Սիմոնյանի, Ռոբերտ Ծաղիկյանի, Օնիկ Աբրահամյանի, Հարություն Քեհեյանի արձանները:

Արձանախումբը, որը տեղադրվել էր 2016 թվականի հոկտեմբերին, նվիրված է «Արարատ 73»-ի փառահեղ հաղթանակներին: Արձանախմբի հեղինակը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործների թիմի ղեկավարը ՝ Արմեն Սամվելյանը։

Ժամանակին բերկրանք պարգևած «Հրազդանի» կանաչ խոտի փոխարեն հիմա կարմիր կակաչներ են աճում