ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Ամերիկյան Կոլորադո նահանգում Waffle House սրճարանների ցանցում հաճախորդը հրաձգություն է սկսել՝ ի պատասխան դիմակ կրելու խոհարարի խնդրանքի։ Տեղեկությունը հայտնում է KDVR հեռուստաալիքը։
27-ամյա Քելվին Ուոթսոնն այցելել է սրճարան առանց անհատական պաշտպանիչ միջոցների։ Մատուցողուհին ասել է, որ պատվերը չի ընդունի, մինչև նա դիմակ չկրի։
Հաճախորդը հեռացել է ու վերադարձել արդեն դիմակը ձեռքին, սակայն կրկին հրաժարվել է այն կրել։ Հաստատության աշխատակիցները հերթական անգամ խնդրել են հյուրին հետևել օրենքի տառին, ինչին ի պատասխան նա սկսել է սպառնալ խոհարանին՝ ատրճանակը դրամարկղի վրա դնելով։ Այնուամենայնիվ՝ անձնակազմը չի ենթարկվել սադրանքներին, ու տղամարդը ստիպված է եղել հեռանալ։
Հաճախորդը հաջորդ օրը գիշերը վերադարձել է ու այս անգամ իրեն բավական ագրեսիվ է պահել։ Նա հարվածել է խոհարարի դեմքին, իսկ երբ վերջինս փորձել է փախչել, տղամարդը կրակել է նրա փորին, ինչի հետևանքով հաստատության աշխատակցին թեթև վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել։
Ոստիկանները ձերբակալել են անկարգապահ այցելուին։