ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի– Sputnik.ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել վերսկսել և կարճել «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը:
«Վեոն Արմենիա» ընկերությունը 2020 թվականի մայիսի 6-ին դիմել էր հանձնաժողով՝ հայտնելով, որ հրաժարվում է իր դիմումից և խնդրում է կարճել հարուցված վարչական վարույթը:
«Հաշվի առնելով, որ դիմումատուն գրավոր հրաժարվել է իր դիմումից՝ վերանում է հարուցված վարչական վարույթն իրականացնելու անհրաժեշտությունը, հետևաբար հանձնաժողովը որոշել է վարչական վարույթը կարճել»,– նշված է ՏՄՊՊՀ–ի հաղորդագրության մեջ:
Հանձնաժողովը հիշեցնում է, որ 2020 թվականի մարտի 19-ի որոշմամբ, հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, կասեցվել էր ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը։
Վարույթի շրջանակում հանձնաժողովն իրականացրել է հեռահաղորդակցության ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն, որը հետագայում կհրապարակվի։
Հիշեցնենք` վերջերս տեղեկություններ տարածվեցին, թե Ucom-ի տնօրենների խորհրդում խնդիրներ են ծագել Ucom-ի ու Beeline-ի հնարավոր ձուլման պատճառով։ Ucom–ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հայտարարեց, որ իր աշխատանքային պարտականությունների դադարեցման մասին դիմում է ներկայացրել: Նրա հետ մեկտեղ աշխատանքից ազատվելու դիմումներ ներկայացրին ընկերության մոտ 800 աշխատակիցներ։
Ucom ընկերության տնօրեն նշանակվեց Արա Սերգեյի Խաչատրյանը։ Գուրգեն Խաչատրյանը, որը նախաձեռնել էր տնօրենների խորհրդի նիստը (Արա Խաչատրյանի ընտրության նպատակով)` ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին, ապրիլի 28-ին հայտարարեց, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում՝ հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։
Եթե հաստատվի, որ Մինասյանը Ucom–ում բաժնեմաս ունի, այն կնվիրաբերվի «Իմ քայլին». պաշտպան
Խուզարկություններ անցկացվեցին Գագիկ Խաչատրյանի որդիների տներում և գրասենյակներում։ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացվեց. ԱԱԾ–ն հայտարարեց, որ Խաչատրյանի որդիները նախնական համաձայնության են եկել իրենց ազգականի հետ, հիմնադրել ՏՏ ոլորտի ծառայություններ մատուցող և այլ կազմակերպություններ, որոնք պետք է ապրանքներ մատակարարեն ու ծառայություններ մատուցեն հարկային և մաքսային մարմիններին, իսկ Գագիկ Խաչատրյանը հանձնարարել է ՊԵԿ-ի ու ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց համագործակցել ու աջակցել նշված կազմակերպություններին՝ մասնակցելու գնումների գործընթացներին, բացի այդ` վերացնել առաջացող բոլոր խոչընդոտներն ու կիրառել առավել բարենպաստ գնման ընթացակարգեր:
ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացրել Ucom–ի գլխավոր գրասենյակում