Նորդուզի մաքսակետում խցանումներ են. 300 բեռնատար հերթի մեջ են

Իրանից ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսակետի տարածք օրական մուտք է գործում 150-180 բեռնատար, ինչն աննախադեպ է մաքսակետի բնականոն գործունեության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik.Հայաստանում գրանցված բեռնատարներով Իրանից ներմուծվող ապրանքների համար ժամանակավորապես Մեղրիի մաքսային-կետ բաժնում կլրացվեն տարանցիկ հայտարարագրեր։ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումներից ելնելով` Իրանից Հայաստան բեռների ներմուծումն իրականացվել է փոխաբեռնման միջոցով։

Մարդկանց կուտակումներ այլևս չկան. ոստիկանությունը հետևություններ է արել

Օրական կատարվել է 70-80 ավտոմեքենայի վերաբարձում: Դեպի ՀՀ այլ վայրեր բեռնափոխադրումներն իրականացվել են ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ` օրական 80-100 ավտոմեքենայով։

«Իրանից ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսակետի տարածք, սակայն, օրական մուտք է գործում 150-180 բեռնատար, ինչն աննախադեպ է մաքսակետի բնականոն գործունեության համար: Ստեղծված իրավիճակում մաքսակետի թողունակության առանձնահատկությունից ելնելով առաջացել են հերթեր: Չնայած յուրաքանչյուր հերթափոխ աշխատում է առանց դադարի և հանգստի, կուտակումներն անխուսափելի են: Հերթերի պատճառ են նաև ներկայացված թերի փաստաթղթերը, հայտարարատուի կողմից բանկային վճարումների ուշացումը, ինչպես նաև բեռի քաշի, քանակի, անվան անհամապատասխանությունը և այլն»,- նշված է ՊԵԿ տարածած հաղորդագրության մեջ։

Բեռնափոխադրումներն անխափան իրականացնելու նպատակով ՀՀ վարորդներին թույլատրվել է նաև մուտք գործել հարևան երկրի տարածք Նորդուզի մաքսակետում վերաբարձում իրականացնելու նպատակով: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ Նորդուզի մաքսակետը նույնպես աշխատում է գերծանրաբեռնված։

«Այնտեղ ևս խցանումներ են. մոտ 300 բեռնատար հերթի մեջ են։ Ստեղծված իրավիճակում Մեղրիի մաքսային կետ-բաժնի և Նորդուզի մաքսակետի ղեկավարներն ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով քննարկումներ են ունենում խնդիրների և դրանց լուծմանն ուղղված հարցերի շուրջ»,- տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Մեղրիի սահմանային անցակետի ծանրաբեռնվածությունը որոշ չափով թեթևացնելու նպատակով նոր որոշում է կայացվել. Հայաստանում գրանցված բեռնատարներով Իրանից ներմուծվող ապրանքների համար ժամանակավորապես Մեղրիի մաքսային-կետ բաժնում կլրացվեն տարանցիկ հայտարարագրեր, այդ ապրանքները կուղարկվեն ՀՀ այլ մաքսային մարմիններ և տերմինալներ, որտեղ և կիրականացվեն վերջնական մաքսային ձևակերպումներն ու բացթողումը։

ՊԵԿ-ը կոչ է անում լինել համբերատար և կարգապահ, ըմբռնումով մոտենալ խնդիրներին, քանի դեռ թույլատրված չէ Իրանից ժամանող տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը ՀՀ տարածքում։