Նիկոլ Փաշինյանը կրկին կմեկնի Արցախ

ՀՀ վարչապետը ներկա կլինի Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությանը։ Լրագրողների մուտքը դահլիճ չի թույլատրվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik.Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման և երդման արարողությանը ներկա կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»` հղում անելով ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը։

Փոխզիջումների դեպքում էլ գծեր կան Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար. Փաշինյան

Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված ԱԺ հատուկ նիստը տեղի կունենա մայիսի 21-ին` ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում։ Հայտնի է, որ լրագրողների մուտքը դահլիճ չի թույլատրվելու։

Ապրիլի 15-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Երկրորդ փուլում նրա հետ մրցակցում էր ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ Իսկ առաջին փուլի քվեարկությունը կայացել էր մարտի 31-ին։

Հիշեցնենք` Փաշինյանը վերջին անգամ Արցախ էր մեկնել մայիսի 8-ին։ Նա քննարկում էր ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, մասնակցել տոնական միջոցառումներին, այցելել է զորամասեր։