Մարդկանց կուտակումներ այլևս չկան. ոստիկանությունը հետևություններ է արել

Ոստիկանությունը հայտնում է, որ Երևանի հաշվառման–քննական բաժնում մարդկանց սարսափելի հերթերը վերացել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ՀՀ ճանապարհային ոստիկանության` Երևանի Գաջեգործների փողոցում գտնվող հաշվառման–քննական ստորաբաժանում այցելողներն այսօր արդեն սարսափելի հերթում չեն հայտնվել։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել. «ՄՌՈՒ-ի մոտ արշալույսները խաղաղ են։ Երևանի հաշվառման-քննական բաժնի մուտքն այսօր»:

Նշենք, որ ստորաբաժանումներն ամբողջ ծավալով սկսել են աշխատել երեկվանից։ Sputnik Արմենիայի աշխատակիցներից մեկը երեկ այցելել էր Երևանի ստորաբաժանում և տեսել, որ այնտեղ ասեղ գցելու տեղ չկա։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարեց, որ որոշվել է քաղաքացիներին սպասարկել նաև առաջիկա հանգստյան օրերին։