Արցախում կորոնավիրուսով հիվանդների թիվը ավելացել է ևս մեկով

Բացասական 26 պատասխանից երկուսը նախկինում հաստատված վարակակիրներ են, ովքեր վաղը կրկնակի կթեստավորվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է։ Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով Առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է, որ թեստավորման համար Հայաստան ուղարկված 27 փորձանմուշներից մեկի պատասխանը դրական է եղել։

Կորոնավիրուսը ՀՀ–ում. վերջին մեկ օրում մահացածներից երկուսը տղամարդիկ են

«Ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստան ուղարկված 27 փորձանմուշի պատասխանները, ըստ որոնց՝ 26-ը բացասական է, 1-ը՝ դրական: Կորոնավարակակիր քաղաքացին նույն ընտանիքի շրջանակից է և նախապես մեկուսացված էր համապատասխան մեկուսարանում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Շտաբից նաև հայտնում են, որ բացասական 26 պատասխանից երկուսը նախկինում հաստատված վարակակիրներ են։ Վաղը նրանք կրկնակի կթեստավորվեն և բացասական արդյունքի դեպքում կհամարվեն ապաքինված և դուրս կգրվեն բժշկական հաստատությունից:

Հիշեցնենք՝ այս պահի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 29 դեպք, որից 8-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 581 քաղաքացի, մեկուսացվել՝ 69-ը:

Դիմակով մինչև Տաթև, կամ ՀՀ քաղաքացին պատրա՞ստ է օտար երկրում 14 օր մնալ կարանտինում