ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. թեման դարձյալ կորոնավիրուսն է

Խորհրդարանը քննարկում է կորոնավիրուսի տարածմամբ ու արտակարգ դրությամբ սահմանված սահմանափակումների խախտման համար 10 հազար դրամ տուգանք կիրառելու հարցը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ-ն այսօր՝ մայիսի 19-ին, արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում միայն մեկ նախագիծ է՝ կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:

Կորոնավիրուսը ՀՀ–ում. վերջին մեկ օրում մահացածներից երկուսը տղամարդիկ են

Նախագծով կառավարությունն առաջարկում է արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելու դեպքերի համար վարչական տուգանք սահմանել: Նախագիծը կառավարությունը հիմնավորել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ու վարակված անձանց թվի ավելացմամբ, ինչը կանխելու համար անհրաժեշտություն է առաջացել որոշակիորեն սահմանափակել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Սահմանափակումների պահպանումն ապահովելու համար, նախագծի հեղինակների համոզմամբ, անհրաժեշտ է սահմանափակումների խախտման իրավական հետևանքներ սահմանել օրենքով:

Նախագծով 10 հազար դրամ տուգանք է սահմանվում կորոնավիրուսով հիվանդ կամ վարակի տարածման վտանգ ներկայացնող այն անձանց նկատմամբ, որոնք գտնվում են վարակի գաղտնի կամ ինկուբացիոն շրջանում և չեն ապահովում մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջների կատարումը: Ազատ տեղաշարժվելու սահմանափակումները խախտելու համար ևս տուգանքը սահմանվում է 10 հազարի չափով:

Կառավարությունը համոզված է, որ առաջարկվող պատասխանատվության միջոցը համաչափ է խախտմանը և կարող է պանդեմիայի տարածման դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտ իրավական հիմք ստեղծել:

Իսկ նախագծի ընդունումը կապահովի արտակարգ դրության իրավական ռեժիմի պատշաճ կատարումը և կկանխի բնակչության կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը:

Հիշեցնենք` այժմ պարետի որոշմամբ տուգանքների չափերը սահմանված են 100-250 հազար դրամի չափով:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 218–ով և հասել 5041–ի։