Տրանսպորտում ու փակ տարածքներում դիմակ չկրողները կտուգանվեն 10 000 դրամով

Ազգային ժողովն ընդունեց արտակարգ դրության պայմաններում գանձվող վարչական տուգանքների չափերը նվազեցնելու՝ կառավարության առաջարկը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, -19 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԺ-ն միաձայն, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում պարետի սահմանած սահմանափակումները խախտելու համար տուգանքները նվազեցնել մինչև 10 000 դրամ՝ նախկին 100-250 հազարի փոխարեն: Նախագծին կողմ քվեարկեց 87 պատգամավոր:

ԱՆ-ն փոխում է COVID 19-ի դեմ ռազմավարությունը. թեթև ախտանշաններ ունեցողները կմնան տանը

ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ նախագիծը ներկայացնելիս նշեց, որ արտակարգ դրության օրերին փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, իսկ բաց տարածքներում քաղաքացին իր մոտ պետք է դիմակ ունենա, բայց կրելը պարտադիր չէ:

«Եթե նախկինում քաղաքացին պետք է իր մոտ ունենար տեղաշարժման թերթիկ, ապա այժմ պարտադիր պետք է դիմակ ունենա: Ու եթե նախկինում տեղաշարժի թերթիկ չունանալու համար քաղաքացին տուգանվում էր 100-250 հազար դրամով, ապա այս օրենքով տուգանքի չափը կկազմի 10 հազար դրամ»,- ասաց փոխնախարարը:

Դիմակով մինչև Տաթև, կամ ՀՀ քաղաքացին պատրա՞ստ է օտար երկրում 14 օր մնալ կարանտինում

Նշենք, որ ըստ կառավարության ներկայացրած նախագծի՝ տուգանքի մեղմացումը հետադարձ ուժ չպիտի ունենար, սակայն, հաշվի առնելով պատգամավորների առաջարկությունները, նախագծին տրվեց նաև հետադարձ ուժ:

Այսպիսով, նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ոստիկանությունը կվերանայի նախկինում կայացրած տուգանքի որոշումներն ու դրանց փոխարեն քաղաքացիներից կգանձի 10 000 դրամ: Իսկ արդեն վճարված տուգանքների ավել գումարները հետ կվերադարձվեն:

Նշենք, որ նվազեցումը վերաբերում է միայն ազատ տեղաշարժի կանոնների խախտմանը, մինչդեռ մեկուսացման ու ինքնամեկուսացման կանոնները չպահպանելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն նախկին 100-250 հազար դրամի չափով:

Դիմակներ ենք կրում, բայց սա դիմակահանդես չէ. որքա՞ն է քաղաքացին ծախսում դիմակի համար