«Զվարթնոց» օդանավակայանը կանվանափոխվի՞. «Ազնավուր» հիմնադրամը դիմել է ՀՀ կառավարությանը

Հանրային խորհուրդն առաջարկությունը տեղադրել է նաև ֆեյսբուքյան իր էջում, որպեսզի լսի հանրության կարծիքներն ու դիտարկումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանը աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով կոչելու առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել «Ազնավուր» հիմնադրամը և հայազգի մեծանուն գործիչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

‹‹Ազնավուր հիմնադրամը›› 10 միլիոն դրամ է նվիրաբերել ‹‹Ժպիտների քաղաքին››

Հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ Կառավարությունը դիմել է նաև ՀՀ Հանրային խորհրդին։

«Նկատի ունենալով արտակարգ դրության պայմաններում ՀԽ-ի ու նրա համապատասխան հանձնաժողովների կողմից նիստերի հրավիրման դժվարություններն ու անհնարինությունը, հարկադրված կլինենք այս և մյուս խնդիրների քննարկումն ու եզրակացությունների հաստատումը կատարել էլեկտրոնային կամ հեռավար եղանակներով»,–գրել է Սաֆարյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Հանրային խորհրդի բոլոր անդամներին ուղարկվել է ՀՀ կառավարությունից ստացված փաթեթը, սակայն ոչ պակաս կարևոր է նաև հանրության տեսակետը գոնե սոցիալական ցանցերի օգնությամբ, ինչի նպատակով էլ առաջարկությունը տեղադրվել է ՀԽ ֆեյսբուքյան էջում։

Ազնավուրի որդին ընտանիքով մշտական բնակություն է հաստատել Հայաստանում

Սաֆարյանը նշել է, որ կցանկանային դիտարկումներ ու կարծիքներ ստանալ այս հարցի կապակցությամբ։