ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի- Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր կայացավ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։ Նիստի ժամանակ ուսումնասիրվեց նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Դավիթ Սանասարյանի Facebook-յան նամակագրությունը։ Այն տեղի էր ունեցել փետրվարի 1-ին, երբ Սանասարյանի՝ ՊՎԾ պետի լիազորությունները դեռևս ժամանակավորապես կասեցված չէին։
Առողջապահության նախարարի և ՊՎԾ պետի զրույցը հեմոդիալիզի սարքերի մասին էր։ Թորոսյանն անթույլատրելի էր համարել այն, որ ՊՎԾ աշխատակիցները փոփոխություն են կատարում հեմոդիալիզի սարքերի գնման չափանիշներում։ Նա ասել էր, որ վերջիններս փորձում են բնութագրերն այնպես փոփոխել, որպեսզի կարողանան իրենք մասնակցել մրցույթին և հաղթել։
Սանասարյանն էլ Թորոսյանին ասել էր, որ այս դաշտում մոնոպոլիա կա, իսկ իրենք փորձում են շուկան մրցակցային դարձնել, ինչը թույլ կտա պետությանը նաև գումար խնայել։ Սանսարյանը Թորոսյանին նաև տեղեկացրել էր, որ շուկայի մոնոպոլ դիրքը երկու մարդու ձեռքում է՝ Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) և Լֆիկ Սամոյի (նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյան)։
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանը նշեց, որ իրենք ոչ թե այդ ընկերությունների դեմ էին, այլն իրենց գործողությունները հանուն պետության էին։
«Երբ իմացանք, որ հեմոդիալիզի սարքերը բերում են և 2,2 անգամ թանկ գնով վաճառում են պետությանը, մասնակցում են գնումներին ու գերշահույթ են ստանում պետության հաշվին, ՊՎԾ-ն սկսեց այդ գործընթացը»,- նշեց Սանասարյանը։
Դավիթ Սանասարյանի հաղորդումը շորթման մասին` չի հաստատվել. գործը կարճվել է
Նրա խոսքով՝ շուկայի գրեթե ութսուն տոկոսը եղել է երկու ընկերությունների ձեռքում, որոնցից մեկը Արթուր Ասատրյանի քրոջ որդուն է պատկանում, մյուսը՝ Սամվել Ալեքսանյանին։
«Եթե բժշկական կենտրոնը հեմոդիալիզի սարքի այնպիսի չափանիշներ է ներկայացնում, որ կարող է բերել միայն մեկ ընկերություն, մյուսներն արդեն չեն մասնակցում։Արդյունքում այդ ընկերությունն էլ իր գինն է առաջարկում, որը պետությունն ուզած, չուզած՝ պետք է գնի։Մեր նպատակն էր այնպիսի չափանիշներ մշակել, որ թեկուզ նույն ընկերությունը մասնակցեր, բայց արդեն այլ գնով»,- ասաց Սանասարյանը։
Լրագրողների հետ զրույցի վերջում Սանասարյանն ասաց, որ ցանկանում է օդում մի հարց «կախել».
«Փետրվարին հանդիպում են հայտնի բլոգեր, համապատասխան անձի փեսան ու Արթուր Վանեցյանը։ Դրանցի հետո, երբ մեր գործողությունների արդյունքում պետք է ուսումնասիրվեր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը», որի տնօրենն էր այն ժամանակ Միքայել Մինասյանի հայրը, այդ ժամանակ ինձ, ՊՎԾ-ին վերաբերող գործ է հարուցվում»։
Այսպիսով` օդում կախված հարցն էլ այն էր, թե արդյոք հենց այդ հանդիպման ընթացքում չի խոսվել իր «վերաբերյալ գործ կարելու» մասին։
Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստ տեղի կունենան հունիսի 1-ին, ժամը 10:30։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք՝ քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի, քրեական գործով ամբաստանվում են նաեւ ՊՎԾ եւս երկու աշխատակից՝ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։