Եթե ուղևորը չենթարկվի, վարորդը չի շարունակի ընթացքը. տրանսպորտից օգտվելու նոր կանոնները

Երևանի քաղաքապետը երևանցիներին կոչ է արել դրսևորել սոցիալական բարձր պատասխանատվություն, խստորեն հետևել սահմանված կանոններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում հիշեցրել է, որ այսօրվանից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսում է իր աշխատանքը, բայց հատուկ ռեժիմով: Նա հիշեցրել է այդ կանոնները և ընդգծել, որ դա արվում է վարակի ռիսկը նվազեցնելու համար:

Պարետը հրապարակել է արտակարգ դրության նոր կանոնները. ինչ է կարելի և ինչպես է կարելի

Մարությանը հատուկ նշել է, որ այս կանոններին չենթարկվող վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետևող ուղևորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչև խախտման վերացումը:

Մասնավորապես, տրանսպորտային միջոցում պարտադիր պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաև վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։

Կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղևորներին և մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը և/կամ ուղևորափոխադրող ընկերությունը:

«Վստահ եմ, որ երևանցիները կդրսևորեն սոցիալական բարձր պատասխանատվություն, խստորեն կհետևեն սահմանված կանոններին՝ քաղաքային երթևեկության մեջ լրացուցիչ բարդություններ չստեղծելու համար»,–գրել է քաղաքապետը:

Կորոնավիրուսի վճարովի թեստավորումն անթույլատրելի է և վտանգավոր. ԱՆ

Նա խնդրել է ներողամիտ լինել ժամանակավոր անհարմարությունների համար՝ այն գիտակցությամբ, որ այս միջոցառումներն արվում են հանուն հանրային առողջության ու անվտանգության պահպանման և առողջություն մաղթել բոլորին:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում Հայաստանում արտակարգ դրությունը երկարարցրեց ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։ Բայց տնտեսական գործունեության շատ տեսակներ թույլատրելի է` որոշակի կանոնների պահպանմամբ։