Արշակ Կարապետյանը երկրորդ անգամ է մասնակցում Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը, որը նախկինում եղել է ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետը, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Կարապետյանն այս պահին մասնակցում է ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Նշենք, որ Կարապետյանը հիմա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։

«Ճիշտ է, չեմ վախենում վարակից, բայց ինձ մի կպեք։ Հիմա ոչ մի բան չեմ կարող ասել»,–ասաց Կարապետյանը` հավելելով, որ որևէ հարցի չի պատասխանելու։

Հիշեցնենք, որ Կարապետյանն արդեն երկրորդ անգամ է մասնակցում հանձնաժողովի նիստին, առաջին անգամ` 2019–ի հոկտեմբերի 17–ին։

Արշակ Կարապետյանն ունի գեներալ-մայորի կոչում, մարտական գործողությունների մասնակից է:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, նա ազատվել էր պաշտոնից։

Արշակ Կարապետյանը երկրորդ անգամ է մասնակցում Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

Հանձնաժողովի վերջին` մայիսի 11-ին կայացած նիստին մասնակցել էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հայտնի է, որ հանձնաժողով կհրավիրվի ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Մոտ մեկ տարի է, ինչ ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը։ 2019թ.–ին հանձնաժողովը 21 նիստ է գումարել, հրավիրվել են մեծ թվով զինվորականներ և նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք պատասխանել են հանձնաժողովին հետաքրքրող հարցերին։

ԱԺ նախագահը պատմեց, թե ինչպես է կազմակերպվել Սերժ Սարգսյանի մուտքը խորհրդարան

Բացի այդ, ՊՆ–ից հանձնաժողով են ուղարկել մեծ ծավալի փաստաթղթեր, որոնցից արդեն ուսումնասիրվել է 2684 էջը` 147 տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներով, տեղեկատվական–վերլուծական և հետախուզական, զորքերի կառավարման, օպերատիվ և այլ բնույթի գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերով։

Նշենք, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը նախանշված է ս.թ. հունիսի 4-ին: Աշխատանքների ավարտին հանձնաժողովը կհրապարակի 2016-ի ապրիլին ծավալված քառօրյա պատերազմի հանգամանքների մասին զեկույց: