ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Կորոնավիրուսային հիվանդությունից պաշտպանվելն ու մտերիմներին պաշտպանելը դժվար չէ, եթե հետևենք մի քանի պարզ կանոնների։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում տարածել է հոլովակ, որը ներկայացնում է այդ կանոնները՝ հաճախակի լվանալ ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն, խուսափել մարդաշատ վայրերից, օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ և ձեռնոցներ։
Համավարակի վերջը կլինի ոչ շուտ, քան 5 տարի հետո. Թորոսյան
«Ավելի հեշտ է կանխարգելել վարակի տարածումը, քան բուժել դրա հետևանքները։ Յուրաքանչյուրիս պատասխանատու վերաբերմունքը կօգնի կանգնեցնել վարակի տարածումը։ Կանխարգելիչ կանոնների տարածումը միակ ելքն է կանգնեցնել համավարակի տարածումը։ Պահպանեք կանոնները, եղեք պաշտպանված։ Միասին ենք հաղթահարելու»,- ասվում է հոլովակում։
Հոլովակում ներկայացվում է, թե ինչպես կարող են առօրյա պարզ, անվտանգ թվացող գործողությունները վարակի տարածման պատճառ դառնալ և վտանգել հարազատ, սիրելի մարդկանց կյանքը։
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 351–ով և դարձել 4823։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 մարդ, կատարվել է 41850 թեստավորում, առողջացել են վարակվածներից 2019–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 61 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 5-ով) և մահվան 25 անուղղակի դեպք:
Կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը կդառնա 524 032․ Թորոսյանը թվեր է ասել