Մանկապարտեզներում ծնունդ նշելն արգելվում է. փոխքաղաքապետները կայցելեն նախակրթարաններ

Մանկապարտեզների տնօրեններին հանձնարարվել է հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Երևանում մայիսի 20-ից վերաբացվող մանկապարտեզներում կարգելվեն ծնունդների արարողությունները: Այս մասին այսօր կառավարության մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Որ երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել. փոխքաղաքապետը մանրամասներ ներկայացրեց

«Շատ կարևոր է, որ մանկապարտեզների տնօրենները կարողանան հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանել։ Շատ կարևոր եմ համարում նաև փոքր միջոցառումների չիրականացումը՝ ծնունդների և այլ արարողությունների բացառումը: Շատ կարևոր եմ համարում, որ ցանկացած մանկապարտեզի ղեկավար ինքը վերցնի այդ պատասխանատվությունն իր վրա: Իհարկե, խիստ հանձնարարությունը տրված է, բայց մենք շատ դեպքերում հանդիպում ենք, որ կանոնները հստակ են, բայց կանոնները պահպանողներից ոմանք կարծում են, որ այս համավարակն իրենց չի առնչվում»,- ասաց նա:

Այդուհանդերձ, նա հույս հայտնեց, որ մանկապարտեզների ղեկավարները կգիտակցեն, որ գործ ունեն երեխաների առողջության հետ ու կկարողանան պահպանել բոլոր կանոնները:

Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե արդյո՞ք մանկապարտեզներում ախտահանվելու են սպասքը, դռների բռնակները և այլ պարագաներ, Երևանի փոխքաղաքապետը նշեց, որ այդ հանձնարարությունը ևս մանկապարտեզների տնօրեններն ստացել են:

«Սա կախված է յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվությունից՝ խոհարարի, դայակի, դաստիարակի, տնօրենի, իմ: Ես այսօր զգուշացրել եմ, որ մանկապարտեզներում ստուգումները լինելու են ոչ միայն այդ վարչական շրջանի, այլև քաղաքապետարանի կողմից՝ փոխքաղաքապետների մակարդակով, անակնկալ, առանց նախապես տեղյակ պահելու: Եվ կարծում եմ, որ վերահսկողական մեխանիզմներն իրականացնելով ու ստուգումներ իրականացնելով, մենք կկարողանանք զերծ մնալ անցանկալի հետևանքներից»,- նշեց Վիրաբյանը:

Որ երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել. փոխքաղաքապետը մանրամասներ ներկայացրեց

Փոխքաղաքապետը շեշտեց, որ այս գործառույթների իրականացման արդյունքում է պարզ դառնալու, թե համայնքային իշխանություններն ու մանկապարտեզների աշխատակիցները որքանով են պատրաստ աշխատելու սահմանված կանոններով:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում Հայաստանում արտակարգ դրությունը երկարարցրեց ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։

Կառավարության որոշմամբ այս ժամանակահատվածում կգործեն նախակրթարանները:

Մանկապարտեզները ստիպված կլինեն աշխատել օրենքով