ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի-Sputnik. Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին զուգահեռ մեծանում է նաև դավադրության տեսություններին հավատացողների թիվը։ Այս փաստը մտահոգում է առողջապահության ոլորտի պատասխանատուներին, քանի որ այդ լուրերին հավատալով՝ մարդիկ նաև կորցնում են զգոնությունը հիվանդության նկատմամբ, ըստ պահանջի չեն հետևում անվտանգության կանոններին և այլն։
Facebook-ի իր պաշտոնական էջում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ սա նշանակում է, որ առաջիկայում այս ամենը կարող է նպաստել ավելի շատ դեպքեր ունենալուն։
««Մեզ հաստատ չիպավորելու են», «այդպիսի հիվանդություն չկա», «մեզ չի կպնի», «համաշխարհային բլեֆ է», «ամեն ինչ սուտ է», «դրսից ֆինանսավորում ստանալու համար է» և նմանատիպ այլ արտահայտությունների կարող եք հանդիպել անհատ օգտատերերի գրառումներում, որոնք նաև «կարծիք են» թողնում լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերի մեկնաբանություններում: Նման կարծիքները նաև լայնորեն լուսաբանվում են ԶԼՄ-ների կողմից»,- գրել է Թորոսյանը՝ հավելելով, որ եթե այս միտումը շարունակվի, ստիպված են լինելու կեղծ և չհիմնավորված այսպիսի լուրեր տարածողների տվյալները փոխանցել իրավապահներին։
Նախարարի խոսքով՝ իրավապահների հետ համագործակցության նպատակն է պարզել, թե ովքեր են կանգնած տարածվող լուրերի հետևում, և քաղաքացիներին վնասելու ինչ շարժառիթ ունեն։
«Անհապաղ ներկայացրեք ապացույցներ». ԱՆ խոսնակը դիմել է ֆեյք լուրեր տարածողներին
Հաշվի առնելով վերջին օրերի վիճակագրությունը՝ Թորոսյանը հերթական անգամ հորդորել է մեր հայրենակիցներին լինել ավելի ուշադիր, հետևել բոլոր ցուցումներին՝ կանգնեցնելու հիվանդության տարածման տեմպը, ինչպես նաև հետևել պաշտոնական լրահոսին՝ կեղծ և ճշտված տեղեկությունների տարածումից զերծ մնալու համար։
Նշենք, որ մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 41 850 թեստավորում:
Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 351 նոր դեպք և 94 առողջացած։
Կորոնավիրուսի վճարովի թեստավորումն անթույլատրելի է և վտանգավոր. ԱՆ