1835 թվականին նյույորքյան «Սան» թերթը սկսեց տպագրել մի հոդվածաշար Լուսնի բնակիչների մասին: Ու մարդիկ միանգամից հավատացին այդ անհավանական պատմությանը: Ինչու հավատացին: Որովհետև բավական նրբորեն էր սարքած:
Նախ՝ հոդվածաշարի հեղինակը հղում էր կատարում Շոտլանդիայում՝ էդինբուրգում լույս տեսնող գիտական հանդեսին, որը կոչվում էր «Ջորնալ օֆ սայենս»: էդպիսի պարբերական իրոք գոյություն ուներ, բայց փակվել էր դրանից երեք տարի առաջ: Դե այն ժամանակ ոչ հեռախոս կար, ոչ հեռագրական ապարատ և ամերիկացիները շատ էլ տեղյակ չէին, որ եվրոպական հանդեսը այլևս լույս չի տեսնում: Բայց ամենագլխավորը՝ «Սան» թերթում հրապարակված հոդվածաշարում շոշափվում էր իրական մի գիտնականի՝ Ջոն Հերշելի անունը:
19-րդ դարում բրիտանացի աստղագետ Ջոն Հերշելը շատ հայտնի էր՝ մոտավորապես այնպես, ինչպես Ալբերտ էյնշտեյնը քսաներորդ դարում: Եվ «Սան» թերթի հեղինակը պնդում էր՝ Հերշելը գնացել է Հարավային Աֆրիկա և այնտեղի աստղադիտարաններից մեկում տեղադրել բրիտանական կառավարության ֆինանսավորմամբ ստեղծված մի եզակի աստղադիտակ, որը օբյեկտները խոշորացնում է 42 հազար անգամ: Այդ հզոր աստղադիտակը գիտնականն ուղղել է լուսնին և նրա աչքի առաջ հանկարծ բացվել է մի աննկարագրելի տեսարան:
Լեռներ ու հովիտներ, որոնք ծածկված են անտառներով, գետեր, որոնց ափերին արմավենիներ են աճում, բազմաթիվ կենդանիներ՝ բիզոններ, եղջերուներ, արջեր ու ոչխարներ: Բայց ամենակարևորը՝ Լուսնի վրա գիտնականը հայտնաբերել է մարդանման էակներ՝ մեծ թևերով: Դրանք անկասկած բանական արարածներ էին, որովհետև կառուցել էին բյուրեղապակյա հոյակերտ տաճարներ:
Նոր SWAN գիսաստղը առավելագույնս մոտեցել է Երկիր մոլորակին
Գոնե պատկերացնում եք այդ հեքիաթային տեսարանը: Հիասքանչ բնություն, արևի տակ շողշողացող բյուրեղապակյա շինություններ և հրեշտականման արարածներ, որոնք ծառից ծառ են թռչում և ըմբոշխնում քաղցրահամ պտուղները: Եվ պրագմատիկ ամերիկացիները այս ամենին անկեղծորեն հավատացին: Թերթը վեց հոդված տպագրեց Լուսնի մասին և հետաքրքրությունը գնալով աճում ու աճում էր, ընթերցողներն ամեն օր ժամը երեքին, երբ լույս էր տեսնում թերթը, հավաքվում էին տպարանի և խմբագրության դարպասների մոտ, որպեսզի առաջինն իմանան, թե էլ ինչ է հայտնաբերել Լուսնի վրա Ջոն Հերշելը:
Սա, իհարկե, չէր կարող անվերջ շարունակվել և իր վերջին՝ վեցերորդ հոդվածում թերթը գրեց, թե վատ բան է պատահել՝ այնպես է ստացվել, որ աստղադիտակը ցերեկը պատահաբար ուղղվել է արևի կողմը, ոսպնյակները կենտրոնացրել են արեգակի ճառագայթները մի կետում, հրդեհ է բռնկվել և աստղադիտարանն ամբողջությամբ այրվել է:
Բայց այս հրապարակումների արձագանքը աներևակայելի էր: Մարդիկ այնքան էին հավատացել այս ամենին, որ ամերիկյան կրոնական կազմակերպություններից մեկը առաջարկել էր իր ներկայացուցիչներին ուղարկել Լուսին՝ այնտեղի բնակիչներին մկրտելու համար: Բայց քանի որ դա անհնար էր, նաև այսպիսի միանգամայն լուրջ առաջարկ հնչեց՝ եկեք հաղորդակցվենք Լուսնի բնակիչների հետ, գոնե հասկացնենք նրանց, որ Երկրի վրա էլ բանական էակներ են ապրում: Դրա համար Սիբիրի անծայրածիր հարթավայրերից մեկում գծենք երկրաչափական հսկա պատկերներ՝ եռանկյունի, շրջան և այլն՝ դյուրավառ հեղուկ լցնենք այդ խրամուղիների մեջ ու գիշերներով բոցավառենք, որպեսզի լուսնի բնակիչները տեսնեն ու իրենք էլ նույնն անեն:
Ինչն էր այս միստիֆիկացիայի նպատակը, որը ստացել է «Լուսնային մեծ խաբեություն» անվանումը: Դե առաջինը պարզ է՝ ընթերցող շահել: Այս առումով բացարձակ ոչինչ չի փոխվել գրեթե երկու հարյուր տարվա ընթացքում՝ նյույորքյան «Սանը» հասավ իր նպատակին՝ դարձավ աշխարհում ամենակարդացվող, այսինքն՝ ամենամեծ տպաքանակ ունեցող թերթը:
Իրավունք ունե՞նք Մարսը մեզնով անելու, կամ մի 4 միլիարդ տարի ուշացել ենք
Բայց լուսնային այս հոդվածաշարը նաև մեկ այլ նպատակ ուներ: Ամերիկյան այս թերթը ժամանակին ուղղակի ծաղրել է նրանց, ովքեր որևէ գիտական հիմք չունենալով, անվերապահորեն պնդում էին, թե Լուսինը, ինչպես նաև Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները բնակեցված են մարդկանցով: Եվ նման բան պնդողների փաստարկը շատ հաճախ կրոնական բնույթի էր՝ եթե Աստված ստեղծել է մոլորակները և չի բնակեցրել դրանք, ապա էլ ինչու է ստեղծել: Լուսնի իմաստը որն է, եթե այնտեղ մարդիկ չեն ապրում: Համաձայնեք՝ շատ տրամաբանական ու հետաքրքիր հարց է՝ լուսնի իմաստը որն է:
2020-ը՝ Մարսի տարի. ինչու են հրթիռներ ուղարկվելու Կարմիր մոլորակ