«Աղաղակող սրբապղծություն է». Մանե Գևորգյանը մեկնաբանել է Փաշինյանի պապի մասին գրառումները

Վարչապետի մամուլի խոսնակը կարծում է, որ այդ կեղծիքի հեղինակը հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու նպատակ է հետապնդում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն անընդունելի սրբապղծություն է որակել այն հայտարարությունները, թե իբր կառավարության ղակավարի պապը Հայրենական մեծ պատերազմի տարիներին համագործակցել է նացիստների հետ։

Հպարտ եմ երկու ժողովուրդների սխրագործությամբ. Փաշինյանի ուղերձը` ՌԴ ղեկավարությանը

Նա նշել է, որ մայիսի 9-ին, երբ նշվում էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը, համընդհանուր տոնի մթնոլորտը մթագնեցին հրապարակումները, որոնց համաձայն՝ Փաշինյանի պապը Վերմախտի շարքերում կռվել է Կարմիր բանակի դեմ։ Մամուլի քարտուղարը նկատել է, որ ԶԼՄ–ները հղում են արել ՌԴ ՊՆ «Մեմորիալ» տվյալների էլեկտրոնային բազային, որտեղ վարչապետի պապը մի քանի անվանակիցներ ունի։ Որոշ ԶԼՄ-ներ տարածեցին Նիկոլ Վարդանի Փաշինյանի մասին տեղեկությունները, այն դեպքում, երբ վարչապետը հայտարարել էր՝ իր պապը սերժանտ Նիկոլ Առաքելի Փաշինյանն է։

Գևորգյանի խոսքով` փաստը, որ տվյալ հրապարակումների հեղինակները հիմք են ընդունել չճշտված տեղեկություններ, խոսում է նրանց անփութության կամ կանխակալության մասին։

«Տարածման աղբյուրների ամենամակերեսային վերլուծությունը վկայում է, որ այդ կեղծիքի հեղինակները նպատակ ունեն սեպ խրելու հայ–ռուսական եղբայրական հարաբերությունների մեջ, և իրենց նպատակին հասնելու համար չեն խորշում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և հերոսներին զրպարտելուց։ Հայրենիքի ազատության համար մարտնչած վետերանների հիշատակը արատավորող կեղծ տեղեկության տարածումը, հատկապես Մեծ հաղթանակի հոբելյանին, անթույլատրելի, աղաղակող սրբապղծություն է»,– ընդգծել է նա։

Հայրենական պատերազմի վետերան, վազաշենցի Սանթուր պապը 100-ամյակը նշեց խաղաղ կյանքի երգով

Մայիսի 8-ին ՀՀ վարչապետը պատմել էր, որ իր պապը` Նիկոլ Փաշինյանը, ռազմաճակատ է մեկնել, երբ իր հայրն ընդամենը 1 տարեկան էր։ Ընտանիքում միայն մի քանի լուսանկարներ և սակավաթիվ պատմություններ են պահպանվել պապի մասին։ Հայտնի է, որ նա ծառայել է 138-րդ դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Փաստաթղթերից մեկի համաձայն՝ Փաշինյանի պապը զոհվել է 1943 թվականի փետրվարին, մեկ այլ վարկածով` անհետ կորել է Ստալինգրադում կամ Ղրիմում:

Մեր կոփված բարեկամությունը կշարունակվի. Պուտինն ու Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին