Շանթը և Ռիթան սիրո երդում տվեցին. Քաթարում ՀՀ դեսպանատանը գրանցվել է առաջին ամուսնությունը

ՀՀ դեսպանությունը շնորհավորել է զույգին և երջանկություն մաղթել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Այսօր Քաթարի պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի է ունեցել առաջին ամուսնական արարողությունը: Տեղեկությունը հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը:

«Մեր ջերմագին շնորհավորանքներն ենք հղում նորապսակ զույգին` Շանթ Պալաղամեանին և Միրէյ Ռիթա Գափլանեանին, և մաղթում երջանկություն և հաջողություններ»,-նշված է դեսպանատան պաշտոնական էջում:

Ֆեյսբուքյան օգտատերերը միացել են շնորհավորանքներին և զույգին սեր ու համերաշխություն մաղթել։

Հիշեցնենք, որ Քաթարում դեսպանություն բացելու որոշումը կայացվել է 2019 թվականի փետրվարին: Վերջերս Դոհայում դեսպանատուն բացվեց, և երկու երկրների միջև ստեղծվեց առանց վիզային ռեժիմ: Դեսպանատան ծախսերի համար 192,5 հազար դոլար է հատկացվել, որից 110 հազարը Քաթարը կտրամադրի առաջիկա երեք տարիներին: Քաթարի իշխանությունները նաև տարածք են տրամադրելու դեսպանատան համար, դեսպանի նստավայր և երկու ծառայողական մեքենա: