Փաշինյանը պատասխանեց հարցին` Միքայել Մինասյանին «գործարք» առաջարկե՞լ է

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Միքայել Մինասյանի արած հայտարարություններին` Արթուր Վանեցյանի միջոցով «գործարքի» գնալ–չգնալուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` հրապարակային և ոչ հրապարակային իր արած հայտարարություններն իրարից չեն տարբերվում։ Վարչապետն այս հայտարարություն արեց` պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի այն հայտարարությունը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով առաջարկել է Մինասյանին գումար փոխանցել հիմնադրամներից մեկին, որպեսզի նրա դեմ քրգործ չհարուցվի։

«Իրավապահ մարմինները պետք է զբաղվեն Մինասյանի այդ հայտարարությամբ։ Այսինքն` իրավապահներն արդեն իսկ զբաղվում են այդ հարցով։ Սակայն ես պետք է շեշտեմ, որ իմ հրապարակային և ոչ հրապարակային հայտարարություններն իրարից չեն տարբերվում, հատկապես` կոռուպցիային առնչվողները»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը մայիսի 2-ին պատմեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հռոմում հանդիպել է իրեն ու առաջարկել սիմվոլիկ գումար վճարել, դադարեցնել պայքարը Փաշինյանի դեմ և այլևս Հայաստան չվերադառնալ:

«Փաշինյանին օգնության եկավ կորոնավիրուսը». Մինասյանը շարունակում է տեսաուղերձների շարքը

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը մայիսի 4-ին Sputnik Արմենիային հայտնել էր, որ Մինասյանի տեսանյութի վերաբերյալ հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Նա ասաց, որ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը, հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ։

Վանեցյանը մայիսի 7-ին հրավիրվել էր ՀՔԾ։

Միքայել Մինասյանի դեմ ևս մեկ քրեական գործ է հարուցվել