Նորքի տարեցների տան 40 բնակչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Վարակի հաստատված դեպքեր են գրանցվել նաև ինտերնատի աշխատակիցների շրջանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 ծերերի, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

«Սա հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող խրոնիկական հիվանդությունները»,- Facebook–ի իր էջում գրել է նա:

Արդեն 2 օր է` տեղում աշխատում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկները` պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար:

Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար:

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4283–ի։ Վերջին մեկ օրում ՀՀ–ում երեք մարդ է մահացել կորոնավիրուսից։ Հիվանդությունը հատկապես վտանգավոր է տարեց մարդկանց և ուղեկցող խրոնիկ հիվանդություններ ունեցողների համար: