Կորոնավիրուսի պատճառով Արենի գյուղում հատուկ ռեժիմ է սահմանվել

Գյուղի տարածքով անցնող ճանապարհով երթևեկության վերահսկողությունը կիրականացնի ոստիկանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում 10 օրով արգելվում է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը:

Նորքի տարեցների տան 40 բնակչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Գյուղի տարածքում երթևեկության իրավունք կունենան միայն առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման, գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով մուտ գործող ավտոմեքենաներն ու Մ2 միջպետական և դեպի Խաչիկ բնակավայր տանող ճանապարհներով երթևեկողները:

Արգելվելու է նաև գյուղի տարածքում գործող վերամշակող, հանքարդյունաբերական ձեռնարկությունների, ինչպես նաև շինարարական աշխատանքների իրականացումը:

Արենիի բնակիչներին մինչ մայիսի 17-ը, ժամը 08:00-ն ժամանակ է տրվում հայրենի բնակավայր գնալու համար:

Գյուղի տարածքով անցնող ճանապարհով երթևեկության վերահսկողությունը կիրականացնի ոստիկանությունը, իսկ գյուղում սահմանվող հատուկ ռեժիմի իրականացումը՝ Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը՝ հատուկ անցակետերի և զննման կետերի միջոցով:

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4283–ի։ Վերջին մեկ օրում ՀՀ–ում երեք մարդ է մահացել կորոնավիրուսից։