ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ինչպես է պատահել, որ նրանք, ում հետ Նիկոլ Փաշինյանը ճանապարհ է անցել, հայտնվել են հակառակ ճամբարում՝ լրագրողներ, «Լուսավոր Հայաստան» և այլն: Այս հարցն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետին ուղղեց լրագրողներից մեկը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միշտ ունեցել է ՀՀ առաջընթացի իր սեփական պատկերացումները, որոնք համընկել են որոշ քաղաքական ուժերի՝ «Լուսավոր Հայաստանի», ՀԱԿ-ի ունեցած պատկերացումների հետ:
«Մի պահից այդ պատկերացումներն ընդհանրապես դադարել են գոյություն ունենալ, և եթե այստեղ խոսվում է անցած ճանապարհի մասին, իմ անցած ամենակարևոր ճանապարհը իմ քաղաքական գործունեության մեջ երևի թե եղել է 2018թ-ին Գյումրիից սկսած ճանապարհը, և այդ ժամանակ մենք համախոհների խմբով ենք իրականացրել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև նշեց, որ ՀԱԿ-ի հետ տարաձայնությունները եղել են Հայաստանում բուրժուադեմոկրատական հեղափոխության տեսության շուրջ, իսկ «Լուսավոր Հայաստանի» հետ՝ ՀՀ-ում Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու:
«Պատճառը եղել է այն, որ քաղաքական գործունեության մեջ ես երբեք չեմ վախեցել մենակ մնալուց,- ասաց Փաշինյանը,- իմ քաղաքական գործունեության մեջ եղել են պահեր, երբ ես ինձ հարցրել եմ՝ իսկ ովքեր են իմ քաղաքական համախոհները, եղել է մի պատասխան՝ իմ ընտանիքը»:
Ինչ վերաբերում է նախկին գործընկերներին՝ լրագրողներին, Փաշինյանը նշեց, որ իր լրագրողական գործունեության հենց սկզբից ունեցել է գաղափարախոսական ու քաղաքական գործունեություն և ինքն այն ընկալել է որպես քաղաքական գործունեության մաս:
«Հնարավոր է, որ շատ լրագրողներ ինձ որպես 100 տոկոսանոց լրագրող չեն էլ ընդունել և գուցե ունեցել են իրենց հիմնավորումները: Իսկ հիմա ես լրագրողների հետ շփվում եմ արդեն որպես երկրի ղեկավար՝ դրանից բխող բարդություններով, նրբություններով: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ այս պարագայում ևս չեմ վախենում մենակ մնալուց»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` դրա հակառակը հարմարվողականությունն ու կոնֆորմիզմն է, որն ինքը չի ընդունում: