Ես քեզ, դու ինձ. Չինաստանի Սիան քաղաքն օգնություն է ուղարկել Գյումրի

Չինաստանում COVID-ի տարածման առաջին իսկ օրերին Գյումրին ձեռք մեկնեց Սիան քաղաքին: Պատասխանը չուշացավ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Երբ Գյումրու ավագանին միաձայն որոշեց գումար հատկացնել և բժշկական պարագաներ ուղարկել Սիան, շատերը չէին պատկերացնում, որ շուտով այդ պարագաների անհրաժեշտությունը Գյումրիում կզգացվի: Սիանը սպասեցնել չտվեց. մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներով, պաշտպանիչ հանդերձանքով, ակնոցներով ու էլեկտրական ջերմաչափերով բեռնավորված ինքնաթիռն արդեն Հայաստանում է: Օգնությունը շուտով կհասնի Գյումրի:

«Այս պարագաները կբաժանվեն ոչ միայն Գյումրու բուժհաստատություններին, այլ նաև այն կառույցներին, որոնք դրանց անհրաժեշտությունն ունեն: Այս վերաբերմունքի համար շնորհակալության և երախտիքի մեր խոսքն ենք հղում Գյումրու քույր քաղաք Սիանին: Սա ևս մեկ վկայություն է երկու քաղաքների միջև առկա սերտ կապերի ու փոխադարձ համագործակցության»,-Sputnik Արմենիային ասաց Գյումրի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը՝ տեղեկացնելով որ բաշխումը կկատարվի առաջիկա օրերի ընթացքում:

Ի դեպ, բարեկամ չինացիները չեն մոռացել Հայաստան ուղարկված արկղերի վրա գրել ընկերության մասին ամենահայտնի ասացվածքը. «Ընկերը դժվարության մեջ է ճանաչվում»:

Ես քեզ, դու ինձ. Չինաստանի Սիան քաղաքն օգնություն է ուղարկել Գյումրի

Սիանը Գյումրի է ուղարկել մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ (20.000 հատ), պաշտպանիչ հանդերձանք (1000 հատ), պաշտպանիչ ակնոց (100 զույգ) և էլեկտրոնային ջերմաչափ (50 հատ)։

Գյումրու և Սիանի՝ քույր քաղաքներ լինելու մասին հուշագիրը ստորագրվել է 2015 թվականին:

Ես քեզ, դու ինձ. Չինաստանի Սիան քաղաքն օգնություն է ուղարկել Գյումրի

Հիշեցնենք` փետրվարի 11-ին Գյումրու ավագանին միաձայն որոշել էր Չինաստանի Սիան քաղաք ուղարկել բժշկական պարագաներով արկղեր՝ ավելի քան 1 մլն 480 հազար դրամ արժողությամբ։

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4283–ի` վերջին մեկ օրում ավելանալով 239–ով։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 մարդ, կատարվել է 39005 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1791–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 55 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 3-ով) և մահվան 22 անուղղակի դեպք: