ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik.Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով և դարձել 28։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` հղում անելով առողջապահության նախարարությանը։
«Ստացվել են նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման նպատակով նախօրեին ՀՀ ուղարկված 30 փորձանմուշի հետազոտության պատասխանները, որոնց համաձայն` 26 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքները բացասական են: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, որոնք ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են»,– նշված է հաղորդագրության մեջ:
Վերջին տվյալների համաձայն` Արցախում ընդհանուր առմամբ 554 թեստավորում է իրականացվել, մեկուսացված է 72 մարդ։ Բարեբախտաբար, մահվան դեպքեր չեն գրանցվել։
Հիշեցնենք՝ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախում ևս մեկ ամսով երկարաձգվեց արտակարգ դրության ժամկետը, որը կավարտվի 2020թ–ի հունիսի 11-ին` ժամը 22:00-ին։
Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 11-ին կայացած ասուլիսի ընթացքում վստահեցրեց, որ Արցախում կորոնավիրուսի տարածման օջախները մարված են։