ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Արդեն մեկնարկել է Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթը։ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացնում է, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն է վերցրել դեպի Երևան։ Նշյալ չվերթով Հայաստան է վերադառնում 232 քաղաքացի։
Մայիսի 14-ին իրականացված հատուկ չվերթով Հայաստան է տեղափոխվել արտերկրում կրթություն ստացող և դասընթացների մասնակցող ՊՆ անձնակազմի 320 ներկայացուցիչ։ Առաջիկայում կազմակերպվելու է նաև զորակոչի ենթակա անձանց տեղափոխումը հայրենիք։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 15-ից ՌԴ-Հայաստան կանոնավոր չվերթերը կվերականգնվեն:
Հիշեցնենք` կորոնովիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ՌԴ իշխանությունները մարտի 27-ից փակեցին մյուս երկրների հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմում միայն քաղաքացիներին դուրս բերելու և հայրենիք վերադարձնելու նպատակով իրականացվող չվերթերը, ինչպես նաև բեռնափոխադրումները, փոստային, սանիտարական և մարդասիրական չվերթերը, տեխսպասարկման նպատակով դատարկ ինքնաթիռների տեղափոխումը, վայրէջքով տրանզիտային թռիչքները ՌԴ տարածքում լիցքավորվելու համար և այն չվերթերը, որոնք իրականացվում են կառավարության առանձին որոշմամբ։