ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Պարետատան կազմակերպած հատուկ չվերթով մայիսի 14-ին Չինաստանից Հայաստան է բերվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը։
ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ մեր երկիր են տեղափոխվել բժշկական պաշտպանիչ դիմակներ, արտահագուստ, ձեռնոցներ և ակնոցներ, դեղամիջոցներ և լաբորատոր հումք` կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար, ախտահանման սարքեր ու միջոցներ, մոնիտորներ, մաքուր օդի մատակարարման սարքեր, արհեստական շնչառության և թթվածնի սարքեր։
Չինաստանում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել
«Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին: Հայաստան են փոխադրվել նաև ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով ԵՄ և այլ միջազգային դոնորների նվիրատվությամբ ձեռք բերված, ՉԺՀ պետական մարմինների՝ ԱԳՆ-ի, Պեկինի և Սիանի քաղաքապետարանների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաներն ու սարքավորումները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ սա Չինաստանից կազմակերպվող արդեն երրորդ հատուկ չվերթն է, որով Հայաստան են բերվում բժշկական պարագաներ, անհրաժեշտ սարքավորումներ։ Նախկինում կազմակերպված չվերթերով Հայաստան են բերվել նաև կորոնավիրուսի ախտորոշման մեծ թվով թեստեր։